«Թոկը գնալով ավելի պինդ է սեղմվում. գործ ունենք ՀՀ ոչնչացման գործընթացի հետ». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Գորիս-Կապան միջպետական մայրուղու Քարահունջ-Որոտան հատվածում ադրբեջանական ոստիկանական կետի տեղակայումից հետո ադրբեջանական ոստիկանները կանգնեցնում են իրանական մեքենաները, ստուգում փաստաթղթերն ու գումար գանձում՝ Հայաստանի տարածքով շարժվելու համար։ Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը, դիտարկելով նաև մինչ այս ստեղծված իրավիճակը, «Փաստի» հետ զրույցում նշեց, որ ոչ թե հերթական սադրանքի, այլ, ըստ էության, ահաբեկչության հետ գործ ունենք:
«Առաջին հերթին մենք գործ ունենք Հայաստանի Հանրապետության ոչնչացման գործընթացի հետ, որի մասնակիցները և հանցակիցները Ադրբեջանի Հանրապետությունն ու ՀՀ-ի, այսպես կոչված, իշխանությունն են: Առաջինը՝ Ադրբեջանի Հանրապետությունը, Սյունիքի օտարման գործընթացն է ծավալում՝ ահաբեկելով ոչ միայն բնակչությանը, այլև իրանական բեռնատարների վարորդներին, որ նրանք վախենան ու Հայաստանով չգան: Պատճառն այն է, որ դա Հայաստանի եկամուտների աղբյուրներից մեկն է, և մեր երկիրը կոնկրետ գումար է ստանում: Նրանք անում են ամեն ինչ, որ մարդիկ վախենան Հայաստան մտնել, որ Հայաստանը կորցնի այդ ճանապարհի շահավետությունը ու զրկվի իր թեկուզև փոքր, բայց առկա եկամուտներից: Սյունիքը մեռցնելու համար Ադրբեջանն ամեն ինչ է անելու: Դրան զուգահեռ՝ նրանք խոտ, ցորեն վառելով, առևանգելով, քար նետելով՝ ահաբեկում են խաղաղ բնակիչներին: Իսկ եթե իրանական բեռնատարներն սկսեն չգալ, բնակչությունը հենց տեղում է զրկվելու եկամուտներից, որովհետև այդ վարորդները կանգնում են մեր բնակավայրերում, առևտուր են անում, գումար են ծախսում, գիշերում են և այլն: Մեծ հաշվով, նրանք մեռցնելու են այս տարածաշրջանը, որ կարողանան բնակեցնել իրենց քոչվոր ցեղատեսակներով ու ժամանակի հետ արդեն Սյունիքը պաշտոնապես օտարեն Հայաստանից»,- ասաց ադրբեջանագետը:
Անդրադառնալով արդեն Հայաստանի իշխանություններին՝ Արմինե Ադիբեկյանը շեշտեց. «Այսպես կոչված, իշխանություններն իրենց լռությամբ, իրենց ապիկարությամբ, իրենց ամբողջ կեցվածքով նպաստում են այդ գործընթացի զարգացմանը, որովհետև երբ երկրի առաջին դեմքն ինձ փորձում է համոզել, որ դա ադրբեջանական տարածք է Էյվազի գյուղով, Ադրբեջանը դա հետո ՀՀ խաղաղ բնակչության և հենց ՀՀ-ի դեմ է օգտագործում: Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը հանցակիցներ են, նրանք մի գործ են անում՝ նույն գործը, այն է՝ ՀՀ ոչնչացումն ու հայ ազգի սփռումն ամբողջ աշխարհով մեկ, բայց ոչ ՀՀ տարածքում: Հայաստանի հայաթափում է տեղի ունենալու»:
Վերոնշյալ պարագայում Իրանը Հայաստանից կտրելու խնդիրը չէ. «ՀՀ մի հսկայական տարածաշրջան կտրելու խնդիրն է, մի տարածաշրջան, որտեղ մեր հանքերն են, մեր հացն է, մեր սնունդն է, միսը, կաթը: Այդ ամենը Սյունիքն է: Իջևանո՞ւմ են կով պահելու, թե՞ Իջևանում են մոլիբդեն հանելու, որ երկիր պահեն»:
Ինչ վերաբերում է այս ֆոնին ՀՀ իշխանությունների կողմից ապաշրջափակման հնարավորությունների մասին շարունակաբար խոսելու վարքագծին՝ նա հավելեց. «Իրականում սա այն իրավիճակն է, երբ կոնկրետ շրջափակվում ենք, ու թոկը գնալով մեր վզին ավելի պինդ է սեղմվում: Երբ ՀՀ իշխանությունները մի բան են ասում, մենք պետք է հասկանանք, որ տեղի է ունենալու ճիշտ հակառակը, որովհետև երբ Լենա Նազարյանը խաղաղության ձոն է երգում, դրան զուգահեռ Ադրբեջանում ՀՀ բնակավայրերը որպես ադրբեջանական են ներկայացնում, տարբեր զանազան հարցումներ են անցկացնում, որտեղ, որպես զվարճանք, հայ կանանց բռնաբարությունը և հայ զինվորների սպանությունն է դիտարկվում: Խաղաղություն չկա ու չի լինելու, այն կհաստատվի միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանն ու Թուրքիան կսպանեն վերջին հային: Մնացած ամեն ինչն ընդամենը քողարկում է այդ հանցանքը հայ ժողովրդի նկատմամբ: Ուշադրություն են շեղում, որ թուրքերը գան ու իրենց պլաններն իրագործեն»:
Ա. Ադիբեկյանի խոսքով, որևէ երաշխիք չկա, որ մոտ ապագայում ադրբեջանցիները մեր իսկ տարածքում ՀՀ քաղաքացիներին չեն կանգնեցնի ու փաստաթղթեր չեն ուզի. «Ինչո՞ւ չպետք է կանգնեցնեն, եթե այդ իրավունքը նրանց տվել է ՀՀ իշխանությունը: Մեր իշխանությունն ասում է՝ եղբա՛յր, ինչ ուզում ես, արա, տեր եմ, ես իմ ժեխին կպահեմ, ուշադրություն կշեղեմ, կխաբեմ, կշողոքորթեմ: Սա է դրվածքը թե՛ գլոբալ, թե՛ լոկալ, թե՛ մասնավոր առումներով»: