
Դավութօղլուն հայտարարել է, որ դեմ է քրդամետ կուսակցության փակմանը

Թուրքիայի ընդդիմադիր «Ապագա» կուսակցության (Gelecek Partisi) նախագահ, Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Դիարբեքիր կատարած այցի ժամանակ խոսել է իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) ներսում տեղի ունեցած փոփոխությունների մասին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Դավութօղլուն մասնավորապես հայտարարել է, որ ԱԶԿ-ն սկսել է առաջնորդվել «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելիի և «Հայրենիք» (Vatan) կուսակցության նախագահ Դողու Փերինչեքի գաղափարներով:
Խոսելով քրդական հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումից՝ Դավութօղլուն նշել է.
«Օրինակ, մենք միակ կուսակցությունն ենք, որը հստակ իր ծրագրում գրում է մշակութային իրավունքների համատեքստում կրթական գործընթացի մեջ քրդերենը ներառելու մասին: Սա արդեն սկսվել էր դպրոցներում, բայց այդպես էլ չշարունակվեց, որովհետև մեր հեռանալուց հետո «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հետևեց Բահչելիի և Փերինչեքի ճանապարհին»:
Այնուհետև Դավութօղլուն հայտարարել է, որ ինքը դեմ է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) փակվելուն, ինչպես նաև բոլոր քաղաքական ձերբակալություններին՝ շեշտելով որ օրենքն օբյեկտիվ պետք է գործի, քանի որ ոչ ոք օրենքից վեր չէ: