«Փնտրում են պատասխաններ, թե ինչպես Տիգրանակերտը համարեն ոչ հայկական». Համլետ Պետրոսյան

Արցախի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն օկուպացրեց նաև Ասկերանի շրջանի պատմական Տիգրանակերտ քաղաքը, որտեղ 2011 թվականից սկսվել էին հսկայածավալ հնագիտական պեղումներ և արդյունքները ներկայացվում էին հենց Տիգրանակերտում։

168.am-ի հետ զրույցում Արցախում Տիգրանակերտի պեղումների հնագիտական արշավախմբի ղեկավար, հնագետ Համլետ Պետրոսյանն ասաց, որ այսօր շատ դժվար է հետևել, թե Ադրբեջանն ինչ է արել Տիգրանակերտի հետ։

«Մենք ունենք արբանյակային որոշ լուսանկարներ, որոնք ցույց են տալիս ծավալները, և թվում է՝ այդ հուշարձանի հետ որևէ բան տեղի չի ունեցել, այսինքն՝ թշնամին այն դեռ չի քանդել ու վերացրել։ Սակայն կան որոշակի վտանգներ, հատկապես վաղ քրիստոնեական հրապարակի հետ կապված, որտեղ եկեղեցական կառույցներն են, տապանաբակն է, և այլն, իրենք մի քանի անգամ փորձ են արել այդ ամենը ներկայացնել՝ որպես մեր կողմից արհեստականորեն ստեղծված մի բան։

Ես մի քիչ ներքին վախեր ունեմ, որ թշնամին կարող է ինչ-որ բաներ ձևափոխել, այսինքն՝ նրա քրիստոնեական կերպարը փոփոխել՝ մեղադրելով մեզ, որ ինչ-որ բաներ այնպես չենք արել։ Պեղումներն ակնհայտորեն իրենք պիտի շարունակեն, բայց իրենք այժմ խնդիր ունեն, թե, ի վերջո, մ.թ.ա առաջին դարի սկզբում կառուցված և հելենիստական, ամրաշինական համակարգն ինչպես է հայտնվել այնտեղ, եթե դա որևէ մի հզոր կայսր չի կազմակերպել և փոքրասիական ճարտարապետական ներուժը չի տարել այնտեղ։ Իրենք պատասխանի խնդիր ունեն, փնտրում են պատասխաններ, թե ինչպես այն համարեն ոչ հայկական։ Կարծում եմ՝ այնտեղ պեղումները մի քիչ զգուշավորությամբ կամ ավելի ուշ կանեն»,- նշեց Համլետ Պետրոսյանը։

Նա տեղեկացրեց, որ միջազգային որոշ կազմակերպություններ արդեն համատեղ ուսումնասիրության առաջարկներ են արել, այդ թվում՝ իրեն, ինքն էլ իր հերթին՝ որոշակի պայմաններ է առաջ քաշել, քանի որ այն հնագետները, որոնք բացարձակապես ակադեմիական բարեկրթություն չեն դրսևորում և անձնապես իրեն սպառնում ու վիրավորում են, հազիվ թե հնարավոր լինի նրանց հետ համատեղ աշխատել։

«Ինչ-որ գործընթացներ են իրականացվում, որոնց ես հետևում եմ և չգիտեմ՝ արդյունքն ինչպիսին է լինելու։ Ասեմ, որ ինձ առաջարկը եկել է, օրինակ, Ֆրանսիայի ազգային ժառանգության ինստիտուտից, անկախ մի քանի հետազոտողներից։ Ես մտածում եմ, որ երբ համապատասխան նախաձեռնություն լինի, ինձ դիմեն այդ առաջարկով, ես կոնկրետ իրավիճակից պետք է բան հասկանամ։ Հետևաբար, ես ինչպե՞ս կարող եմ Տիգրանակերտի պեղումներին մասնակցել, երբ Ադրբեջանն իմ դեմ քրեական գործ է հարուցել՝ Տիգրանակերտում պեղումներ անելու համար, իբր թե մենք իրավունք չունեինք այդ տարածքում պեղումներ կատարել, այդ նյութերին տնօրինել։ Այստեղ պարզ է, որ Արցախի ժողովուրդը զրկված է՝ ըստ իրենց մշակույթի իրավունքից։ Մեր բոլոր պեղումները կատարվել են Արցախի իշխանությունների թույլտվությամբ, նրանց ֆինանսավորմամբ՝ ՀՀ կառավարությունը մեկ կոպեկ անգամ այդ պեղումների համար չի տվել։ Այսինքն՝ դա Արցախի ժողովրդի իրավունքն է, այդ ամենը պատկանում է Արցախի ժողովրդին, և Ադրբեջանն իրավասու չէ նման բաներ ասելու»,- հավելեց նա։

Միաժամանակ հնագետը տեղեկացրեց, որ Տիգրանագետի պեղումները զբաղեցնում են մոտավորապես 70 հեկտար տարածք, պեղվել է միայն 2 հեկտարից ոչ ավելին, չնայած պեղել են շատ կարևոր հանգույցներ։

«Կարծում եմ՝ դեռ շատ հետաքրքիր բաներ կան, այո՛, մենք տարածքի մի փոքրիկ մասն ենք պեղել։ Ինչ վերաբերում է մեր խմբին, ապա այսօր աշխատում ենք Տիգրանակերտի մասին գրքի վերջին տարբերակը ստեղծելու վրա, ես մշտապես գրքի հրատարակությունը ձգձգում էի՝ մտածելով, որ մի քանի նոր բաներ կբացենք ու կհրապարակենք, սակայն այս ամեն ինչից հետո որոշեցինք այն հրատարակել։ Նաև Դվինի արշավախմբի ղեկավարն եմ, և մեր թիմի որոշ անդամներ կշարունակեն հետազոտությունը։ Մենք Հնագիտության ինստիտուտում ունենք Արցախի հնագիտության խումբ, որը ես եմ ղեկավարում։ Նախաձեռնել ենք մի նոր ակադեմիական հարթակ՝ https://monumentwatch.org/, որտեղ մեր թիմը լծվել է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկման գործերին։ Պարապ չենք, բայց տխուր ենք։

Ինչ վերաբերում է Տիգրանակերտի մասին գրքին, ապա այն հրատարակվելու է երեք լեզուներով՝ առանձին հրատարակություններով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն։ Հուսանք, գոնե տարեվերջին կհրատարակվի, այստեղ խնդիրը վերաբերում է մեր ֆինանսական հարցերին, թարգմանության ու գծագրերի համար գումար է անհրաժեշտ, փորձում ենք ինչ-որ բաներ հայթայթել, չէի ասի, որ մեծ աջակցություն կա, բայց ինչ-որ բաներ անում ենք»,- եզրափակեց Համլետ Պետրոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս