Ի՞նչ առաջարկներ էր տարել Փաշինյանը Վրաստան

Սեպտեմբերի 8-ից պաշտոնական այցով Վրաստանում է Նիկոլ Փաշինյանը և Կառավարության պատվիրակությունը, այդ թվում՝ ՀՀ ԱԳ նորանշանակ նախարար Արարատ Միրզոյանը:

Փաշինյանը հանդիպումներ է ունեցել՝ Վրաստանի նախագահի, վարչապետի, իսկ Միրզոյանը՝ ԱԳ նախարարի հետ: Փաշինյան-Ղարիբաշվիլի հանդիպման ընթացքում կարևորվել է փոխգործակցության հնգակողմ՝ Հայաստան-Վրաստան-Բուլղարիա-Հունաստան-Իրան ձևաչափը և «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին» համաձայնագրի նախագծի ուղղությամբ շարունակական աշխատանքը։

Բացի միջանցքներից, կողմերն էական անդրադարձ են կատարել տարածաշրջանում բոլոր հնարավորությունների օգտագործման, խաղաղության, կայունության և երկկողմ հարաբերությունների ներուժն ամբողջ ծավալով իրացնելու հարցը:

Միրզոյան-Զալկալիանի հանդիպմանը զրուցակիցները քննարկել են «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցք ստեղծելու մասին համաձայնագրին վերաբերող հարցեր և դրա շրջանակում նոր հնարավորությունները: Տարածաշրջանում կայուն զարգացման և անվտանգության ամրապնդման համատեքստում նախարար Միրզոյանը կարևորել է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը, ինչը նաև նոր հնարավորություններ կընձեռի Հայաստան-Վրաստան համագործակցության ընդլայնման համար:

Չնայած Վրաստանը, ինչպես վերջերս Էրդողանն էր պնդում, հրաժարվել է տարածաշրջանային վեցակողմ պլատֆորմից, Վրաստանի մասնակցությամբ ակտիվ քննարկումներ են տեղի ունենում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման շուրջ, և վրացի քաղաքական վերլուծաբանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Վրաստանի վարչապետը Փաշինյանի հետ հանդիպմանը խոսեց վերջինիս նոր գաղափարների մասին: «Մենք պատրաստ ենք քննարկել համագործակցության նոր գաղափարներ, նոր նախագծեր։ Իհարկե, մենք քննարկեցինք հարցեր, որոնք կապված են տնտեսության, առևտրի, տրանսպորտի, կապի հետ։ Այդ թվում՝ զանգվածային նախագծերի մասին խոսեցինք, որ ունի վարչապետը»,- Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է Ղարիբաշվիլին: Նա նաև նշել է, որ ծանոթացել է Նիկոլ Փաշինյանի զարգացման տեսլականին: Իսկ թե որն է այդ տեսլականը, դեռ հայտնի չէ:

Վրացի քաղաքական վերլուծաբան Գելա Վասաձեն ասաց, որ սա առաջին նմանատիպ հանդիպումներից է, երբ չկա ներքին տեղեկատվություն, թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկում կողմերը, որի պարագայում ավելի կարևոր են դառնում այն հրապարակային մանրամասները, մանրուքները, որոնց վրա կողմերը շեշտեր են դնում:

Նախ նա նշեց, որ բանակցությունները կրում էին ավելի պաշտոնական բնույթ, քան ջերմ, ի տարբերություն նախկինի: Վասաձեի խոսքով, բնական է, քննարկվում են՝ ինչպես ավելի վաղ հայտարարված սահմանազատման, այնպես էլ՝ տրանսպորտի, տրանսպորտային միջանցքների թեման:

«Ես որքան հասկացա հրապարակային ելույթներից, տրանսպորտի վրա կողմերը կանգ են առել, բայց դա ևս մութ է մնում»,- ասաց նա:

Սակայն, ըստ Վասաձեի, ամենակարևորը տարածաշրջանային հակամարտությունների առկայությունն է, ինչը խոչընդոտում է տարածաշրջանային բանակցությունների բնականոն ընթացքին:

«Ներքին տեղեկատվության բացակայության դեպքում ես ուշադրություն դարձրի այն հանգամանքի վրա, որ Ղարիբաշվիլին ասաց, թե Նիկոլ Փաշինյանը նոր մոտեցումներ ունի հակամարտությունները կարգավորելու հարցի, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակի հարցի շուրջ ևս: Սա բավականին հետաքրքրական հանգամանք է: Կարծում եմ, որ սրա շարունակությունը մենք տեսնելու ենք, հատկապես, երբ Փաշինյանն ասաց, որ Հայաստանն ու Վրաստանը պետք է միմյանց օգնեն հակամարտությունների կարգավորման գործում: Սա ես կառանձնացնեի՝ որպես վրացական բանակցությունների առանցք»,- ասաց Վասաձեն:

Վրացի վերլուծաբանը գտնում է, որ խոսքը ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի մասին է, այլև Ռուսաստանի և Վրաստանի, Հայաստանի և Թուրքիայի:

«Կարծում եմ՝ Վրաստանը կմասնակցի Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Հայաստանը Վրաստանի և Ռուսաստանի միջև միջնորդի դեր կստանձնի: Խոսքն այն մասին է, որ տարածաշրջանի բոլոր երկրները կարող են ներդնել մաքսիմում ջանքեր այս ամենի համար, հատկապես, երբ այս ամենում հետաքրքրված է նաև Ռուսաստանը»,- ասաց նա:

Վերջինիս խոսքով, այլ հարց է, թե ինչ է հնարավոր Վրաստանի և Ռուսաստանի միջև, սակայն նկատվում է, որ ընդհանուր տրամադրվածությունն այդ ուղղությամբ է:

Գելա Վասաձեն նշեց, որ տրանսպորտային բոլոր նախագծերի համար այսօր էականը հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն է: «Ըստ էության առանց դրա որևէ տրանսպորտային նախագիծ չի կարող քննարկվել, հենց այդ պատճառով մեծ ուշադրություն այդ հարցերին է հատկացվում ներկայումս»,- ասաց Վասաձեն:

Տեսանյութեր

Լրահոս