«Իմ դեմ այս կազմակերպված արշավը մի նպատակ ունի՝ կանխել իմ մասնակցությունը տնօրենի պաշտոնի համար մրցույթին. չի ստացվելու». Թիվ 163 դպրոցի տնօրեն

Վերջին շրջանում կրկին տենդենց է նկատվում կրթական համակարգը վարկաբեկելու, իսկ դրա ուղիղ ճանապարհը կթօջախների տնօրեններին վարկաբեկելն է, նրանց հեղինակազրկելն աշակերտների, աշխատանքային կոլեկտիվի ու ծնողական համայնքի մոտ: Որպես կանոն՝ դա արվում է այս անձանց կոռուպցիայի ու չարաշահումների մեջ հրապարակային  մեղադրելու եղանակով:

Հրապարակումը կատարվում է, աղմուկ է բարձրանում, սոցիալական ցանցերում սկսվում է լցվել թույնի գերբաժին, քրեական գործ է հարուցվում, որոշ դեպքերում գործն անգամ դրան չի հասնում, այլ ավարտվում է հենց նյութերի նախապատրաստության փուլում, բայց ինչ-ինչ շահերի բախման արդյունքում միշտ ինչ-որ մեկը հաղթող է դուրս գալիս:

Ուշագրավ է, որ, օրինակ, վերջին երկու դեպքերում դպրոցների տնօրենների դեմ պրոցես սկսելու նախանձախնդիր անձինք նույն դպրոցի աշխատակիցներն են:

Խոսքը վերաբերում է թիվ 122 դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանի դեպքին, ում իր աշխատակիցը մեղադրեց կաշառք վերցնելու մեջ, և ստորև ներկայացվող թիվ 163 հիմնական դպրոցի տնօրեն Նարինե Վարդերեսյանի հետ կապված տեղեկատվությանը:

163 դպրոցի տնօրենը կասկածվում է. աշխատանքի է ընդունել մարդկանց, որոնք աշխատանքի չեն հաճախել, բայց աշխատավարձ են ստացել: Այս վերնագիրն ուներ երեկ «Առավոտում« հրապարակված նյութը, ըստ որի՝ սեպտեմբերի 6-ին ոստիկանությունը պարզել է, որ 163 հիմնական դպրոցի տնօրենը նախնական համաձայնության գալով դպրոցի հաշվապահի հետ՝ իր որդուն՝ Մհեր Հ.-ին, աշխատանքի է ընդունել որպես պահակ։ Նա, սակայն, աշխատանքի չի հաճախել, բայց ստացել է աշխատավարձ։

Հաջորդիվ խոսվում է այն մասին, որ տնօրենը նաև որդու ընկերներին է աշխատանքի ընդունել, ովքեր նույնպես աշխատավարձ են ստացել՝ առանց աշխատանքի հաճախելու:

«Բացի այդ՝ տնօրենն աշակերտներին երթուղայինով դպրոց տեղափոխելու և վերանորոգում կատարելու պատրվակով 2017 թվականի սեպտեմբերից մինչև 2020 թվականի դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ընդհանուր 38 ուսուցիչներից իրենց ստացած աշխատավարձերից և աշակերտների ծնողներից յուրաքանչյուրից ամեն ամիս հավաքել է 5000 դրամ»,- գրված էր նշված հրապարակման մեջ:

168.am-ի հետ զրույցում թիվ 163 հիմնական դպրոցի՝ արդեն նախկին տնօրեն Նարինե Վարդերեսյանն ասաց, որ իր պաշտոնավարման 5-ամյա ժամկետն ավարտվել է, ինքը պետք է մասնակցի նոր մրցույթի, և իր դեմ սկսված արշավը, որը կոնկրետ հեղինակներ ունի, իր մասնակցությունը նոր մրցույթին կանխելն է:

«Մինչ ոստիկանության հետաքրքրության շրջանակում հայտնվելը մոտ 10 հոգի ինձ վարկաբեկելու համար իմ դեմ բողոքի տեքստ են գրել ու ուղարկել Քաղաքապետարան: Բողոքին ընթացք տալով՝ Քաղաքապետարանը դպրոցից պահանջել է հրամանները, դպրոցում հարցումներ ու ստուգումներ են իրականացրել, ու հերքվել է ամեն բան: Կրթության վարչության՝ դպրոցական կրթության մեր տեսուչն է անձամբ եղել դպրոցում, համոզվել, որ բոլոր նրանք, ովքեր կան հաստիքացուցակում, աշխատանքի են եղել, այդ թվում՝ որպես պահակ աշխատող ուսանող որդիս»,- ասաց Նարինե Վարդերեսյանը:

Տնօրենը պնդում է՝ իր դեմ տեռորը դպրոցի 72-ամյա փոխտնօրեն Հասմիկ Փաշինյանի ու դասվար Լուսինե Պուլուզյանի ձեռքի գործն է, քանի որ վերջինս նույնպես դպրոցի տնօրեն դառնալու հավակնություններ ունի, ու իրեն այս եղկելի միջոցով է ուզում հեռացնել իր ճանապարհից:

«Ցանկացած մեկը, անգամ՝ լրագրողներ, կարող են ամեն պահի մտնել դպրոց ու յուրաքանչյուրից հարցուփորձ անել՝ ովքե՞ր են աշխատում դպրոցում, գալի՞ս են արդյոք աշխատանքի, թե՞ ոչ: Ես որևէ ապօրինի գործողություն չեմ կատարել և թաքցնելու ոչինչ չունեմ»,- ասաց թիվ 163 դպրոցի տնօրենը:

Նարինե Վարդերեսյանը պատմում է՝ 5 տարի առաջ դպրոցն ընդունել է աղետալի վիճակում՝ կեղտոտ, քանդված:

«1973թ․ հիմնադրման օրվանից նկուղում եղած աղբն իմ օրոք է դուրս բերվել, ու այդ 4 տղաները, ովքեր իբր թե աշխատանքի չեն գալիս, պատերազմի օրերին անձամբ են ծնողների ու ինձ հետ միասին զբաղվել մաքրման աշխատանքներով, գույքի տեղափոխմամբ ու տարածքի բարեկարգմամբ: Դա բոլորն են տեսել»,- ասաց տնօրենը:

Հարցին, թե օրենք չի՞ խախտել արդյոք ինքը, երբ իր ենթակայության տակ աշխատելու համար աշխատանքի է ընդունել որդուն, Նարինե Վարդերեսյանը պատասխանեց՝ օրենքը թույլ է տալիս, ազգակցական կապեր ունեցողները չեն կարող աշխատել որպես հաշվապահ, փոխտնօրեն և լինել խորհրդի անդամ:

«Որդիս Բժշկական համալսարանի ուսանող է: Ուսման գործընթացից դուրս զբաղվածություն է ունեցել դպրոցում, չի եղել օր, որ չգա աշխատանքի, միշտ մասնակցել է դպրոցում իրականացվող վերանորոգման աշխատանքներին նաև»,- ասաց տնօրենը:

Ինչ վերաբերում է դպրոցի տրանսպորտին ու այն լուրերին, որ 5000 դրամ յուրաքանչյուր ամիս հավաքվել է ծնողներից ու ուսուցիչներից, տնօրենն ասաց՝ կատարյալ հերյուրանք է. հավաքվել է 100 դրամ յուրաքանչյուր աշակերտից, այն էլ՝ մի կիսամյակ անվճար երթևեկությունից հետո, երբ տեսել են, որ քանի որ անվճար է, մեքենային խնամքով չեն վերաբերվում: Ընթացիկ ծախսերն են փորձել փակել: Աշակերտների կեսը չի էլ վճարել՝ ըստ տնօրենի:

«Երբ ինձ տնօրեն են նշանակել այդ դպրոցում, այն փակման ենթակա դպրոց է եղել՝ 240 աշակերտներով: Իմ պաշտոնավարման վերջին շրջանում աշակերտների թիվը հասել էր 397-ի: Ինձ ասացին՝ գնացեք, փրկեք դպրոցը: Դպրոցը 21 միլիոն դրամի պարտք ուներ, ամբողջն իմ աշխատանքով, աշակերտների թվի ավելացման շնորհիվ, մարել եմ: Դպրոցի դիրքն էլ շահեկան չէ: Այդ նպատակով եմ տրանսպորտի հարց լուծել, որ կարողանամ գոնե այդ կերպ աշակերտ ներգրավել»,- ասաց Նարինե Վարդերեսյանը:

Մարտին, երբ ինքը, ընտանեկան խնդիրներով պայմանավորված, մեկնել է երկրից, աշակերտների թիվը նվազել է, ու այս տարի մեկ առաջին դասարան հազիվ է հավաքվել:

Տնօրենի խոսքով՝ այդ ընթացքում 2 ամսից լրանալու էր իր պայմանագրի ժամկետը:

«Մտածեցի՝ դիմում գրեմ, ազատվեմ, հետո կգամ, մրցույթը կհայտարարվի, կմասնակցեմ: Այդտեղ իմ փոխտնօրեն Հասմիկ Փաշինյանն ասաց՝ տիկին Վարդերեսյան, Դուք եք էս դպրոցը սարքել, ոտքի կանգնեցրել, հանգիստ գնացեք, հետո կգաք մրցույթի կմասնակցեք: Ասացի՝ լավ»,- ասաց Նարինե Վարդերեսյանը՝ հավելելով, որ այդ ընթացքում, երբ ինքը երկրում չի եղել, փոխտնօրենն ու դասվարը որոշել են իրենից ազատվել, որ վերջինս հանգիստ կարողանա դառնալ այս դպրոցի տնօրենը:

Նրա խոսքով՝ ինքը երկրից մեկնել է, որովհետև միևնույն է, իր պայմանագրի ժամկետի ավարտը մոտենում էր, այլապես ինքը այլ կերպ կլուծեր իր բացակայության հարցը:

«Մինչ իմ նշանակվելը 3 տնօրեն են փոխել, այնպես են արել, որ մարդիկ չեն կարողացել աշխատել, ինտրիգներ են հյուսել, նրանք էլ թողել-գնացել են: Ինձնից չեն կարողանում ազատվել, ու հիմա որոշել են դիմել այս միջոցին, որպեսզի դասվար Պուլուզյանը դառնա տնօրեն»,- ասաց թիվ 163 դպրոցի տնօրենը՝ հավելելով, որ այդ նպատակին հասնելու համար խտրություն չեն դնում որևէ միջոցի մեջ, ընդհուպ կոլեկտիվի անդամներին ահաբեկելը իրավապահ մարմիններով:

Նարինե Վարդերեսյանն ասաց՝ ինքը մասնակցելու է մրցույթին, որի արդյունքները մեկ անգամ՝ ապրիլին, արդեն չեղարկվել են:

«Անպայման մասնակցելու եմ: Այս ճղճիմ քայլերն ինձ հետ չեն պահելու»,- ասաց տնօրենը:

Նարինե Վարդերեսյանն ասաց՝ իրեն ոստիկանություն չեն հրավիրել, որևէ բացատրություն չեն վերցրել, ոստիկանություն են հրավիրել դպրոցի աշխատակիցներին, լսել նրանց:

Տեսանյութեր

Լրահոս