Սամվել Բաբայանի «ստուգողական կրակոցը», որն իրականություն դարձավ
Պատերազմից հետո հաճախ ենք հիշում Նիկոլ Փաշինյանի այս կամ այն հայտարարությունը Արցախի խնդրի, պատերազմի մասին, որոնք ժամանակին լուրջ չենք ընդունել: Մինչդեռ 2020-ի մարտի 15-ին 24 News-ին տված հարցազրույցում Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար Արցախը պետք է մանդատային տարածք դառնա՝ Ռուսաստանի Դաշնության ներքո:
Այդ ժամանակ Արցախի Խորհրդարանում ընդգրկված բոլոր քաղաքական ուժերը քննադատաբար արձագանքեցին Սամվել Բաբայանի այս հայտարարությանը։
Ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության պատգամավոր Հայկ Խանումյանը, որն այսօր Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն է, մանդատային տարածքի գաղափարը անընդունելի և վտանգավոր էր համարել:
«Ռուսաստանը, 19-րդ դարի 20-ականներից սկսած, ամեն ինչ արել է Ղարաբաղում հայության դերի փոքրացման և մահմեդական տարրի ավելացման համար, իսկ 1921թ. Ղարաբաղի «մանդատատեր» Ռուսաստանը գործել է հօգուտ Ադրբեջանի, ինչի հետևանքով մենք այսօր պատերազմական վիճակում ենք: Հետևաբար՝ Սամվել Բաբայանի նման հայտարարությունը մեզ համար անհասկանալի և անընդունելի է»,- ասել էր նա:
«Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանն էլ հիշել էր, որ տարիներ առաջ, երբ սկսվել էր Արցախյան շարժումը, 1988-89-ին՝ ԽՍՀՄ ԳԽ Նախագահության ներկայացուցիչ Արկադի Վոլսկու գլխավորությամբ Արցախում ստեղծվել էր Հատուկ կառավարման կոմիտե, որը երկրամասը վերածել էր յուրօրինակ մանդատային տարածքի: Սակայն ժամանակը ցույց է տվել, որ դա չի կարող արդյունավետ լինել:
«Այն ճանապարհը, որով անցել է Արցախի ժողովուրդը, պայքարի, անկախության հանրաքվեի և պետականաշինության, լիիրավ իրավունք է տալիս պնդելու, որ մեր ընտրած ուղին ճիշտ է, և քաղաքական առումով անընդունելի է մանդատային որևէ տարբերակի քննարկումը»,- շեշտել էր նա:
«Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանն իր հերթին հավելել էր, որ Արցախի ճակատագիրը որոշում է Արցախի ժողովուրդը, և որ իրենք անկախ պետություն չեն հռչակել, որ լինեն այլ պետության մանդատի ներքո:
«Անշուշտ, հարգում ենք ցանկացած պետության, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության տեսակետը, առավել ևս, որ նա համանախագահ պետություն է, բայց մենք կառուցում ենք մեր երկիրը, և այլընտրանք լինել չի կարող»,- ավելացրել էր Բաղրյանը:
Արցախի «Դաշնակցություն» խմբակցությունից էլ շեշտել էին, որ ամեն ազգի համար ամենամեծ արժեքը նրա պետականությունն է, և որ այն հաղթանակները, որոնք կերտել ենք, միայն ու միայն սեփական ուժերի վրա հենվելու միջոցով են ստացվել:
Ընդդիմադիր «Շարժում-88» խմբակցության պատգամավոր Գագիկ Բաղունցն էլ պնդել էր, որ առհասարակ ընդունելի չէ ցանկացած ձևի խաղաղապահ ուժերի ներկայությունը թե՛ Արցախի տարածքում, թե՛ սահմանին:
«Բազմաթիվ երկրների փորձը ցույց է տալիս, որ չի կարելի երկրի, ժողովրդի անվտանգությունը դնել խաղաղապահ ուժերի վրա: Մենք ապացուցել ենք, որ ինքներս ի վիճակի ենք ապահովել մեր երկրի անվտանգությունը, և հետագայում նույնպես անհրաժեշտ է ունենալ նման քաղաքականություն: Կարծում եմ՝ ցանկացած ոտնձգություն, որը սպառնում է թեկուզ և մեկ զինվորի, մեկ քաղաքացու կյանքին, պետք է ընդունենք՝ որպես լուրջ մարտահրավեր, և այնպես անենք, որպեսզի ապահովվի մեր անվտանգությունը»,- ասել էր Գ. Բաղունցը:
Ամիսներ հետո՝ 2020-ի հունիսին, Սամվել Բաբայանը նույն գաղափարն առաջ էր քաշել ռուսական «Ноев ковчег» թերթում տպագրված հարցազրույցում, որն արտատպել էր Regnum գործակալությունը:
Սամվել Բաբայանը նշել էր, որ մադրիդյան սկզբունքները կենսունակ չեն ԼՂ խնդրի կարգավորման համար, և, որ խնդիրը կարող է կարգավորվել, եթե հակամարտության կողմերը միջնորդ երկրներից մեկին կամ բոլորին, կամ միջազգային հեղինակավոր կազմակերպության՝ ԵԱՀԿ-ին կամ ՄԱԿ-ին, տան հակամարտության գոտու մանդատային կառավարման իրավունք:
Ըստ նրա, միայն այդ դեպքում հնարավոր կլինի վերականգնել երկու ժողովուրդների միջև առևտրատնտեսական և մշակութային կապերը, բոլոր կողմերի շահերը հաշվի առնելով լուծել փախստականների հարցը: Երկրորդ՝ Արցախի Ազգային գվարդիայի մասնակցությամբ իրականացնել անվտանգության ապահովման միջոցառումներ, իսկ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը կարելի է թողնել միջնաժամկետ կամ երկարաժամկետ հեռանկարին, երբ տարածաշրջանում և Արցախում կմեծանա սերունդ, որը դաստիարակված կլինի ոչ թե թշնամության, այլ բարիդրացիության և հարգանքի մթնոլորտում:
Արցախյան վերջին պատերազմից հետո, ըստ էության, Արցախը դարձել է ՌԴ մանդատային տարածք, ավելին, ՀՀ տարածքներում ևս ընդլայնվում է ՌԴ ներկայությունը, ՀՀ իշխանությունները քարոզում են թուրքերի հետ բարիդրացիություն և այլն: Այսինքն, այն, ինչ կանխատեսել, զգուշացրել, գուցե՝ գաղտնազերծել էր Սամվել Բաբայանը:
Այլ հարց է, որ Ադրբեջանը մինչև հիմա չի հաստատել ՌԴ խաղաղապահների մանդատը, այսինքն, դրա շուրջ իրավական մեխանիզմները: Սրանց շուրջ քննարկումները դեռ շարունակվում են:
Նշենք, որ նոյեմբերյան եռակողմ հայտարարության համաձայն՝ «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվելու է 5 տարի ժամկետով, որը ինքնաբերաբար երկարաձգվելու է հերթական 5-ամյա ժամկետով, եթե միայն կողմերից որևէ մեկը տվյալ ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին»: Իսկ Ադրբեջանը ամեն պատեհ առիթի սադրում է և մեսիջներ ուղարկում ՌԴ-ին՝ հիշեցնելով, որ նրանց ներկայությունը ժամանակավոր է, և «Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է»: Բացի այդ, Ադրբեջանի քաղաքական էլիտան ժամանակ առ ժամանակ հիշեցնում է, որ 2020-ի նոյեմբերյան հայտարարությունը չի վավերացրել երկրի խորհրդարանը և այն օրինական չի կարող համարվել: Իսկ ավելի վաղ 168.am-ը թեմային անդրադառնալով՝ գրել էր, որ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ակնարկել էր, որ եթե հայկական կողմը շարունակի Զանգեզուրի միջանցքի բացման անհնարինության մասին հայտարարությունները, ապա Ադրբեջանը և Ռուսաստանը գաղտնի ու բաց խորհրդակցություններ կանցկացնեն Հայաստանի՝ եռակողմ հայտարարության պահանջները չկատարելու թեմայով:
«Չի բացառվում, որ մենք ևս կհրաժարվենք այդ փաստաթղթով սահմանված որոշ պարտականություններից: Օրինակ, «պոստեր» կտեղակայենք Լաչինի միջանցքում և այնտեղ կգործենք սեփական հայեցողությամբ: Այսինքն, եթե դու հրաժարվում ես համաձայնագրից, պատրաստ եղիր դրան համարժեք պատասխան քայլի»,- նշել է Զուլֆուգարովը:
Ի դեպ, պատերազմից մոտ 20 օր առաջ Սամվել Բաբայանը հայտարարել էր նաև, որ բանակի մասով էլ արդիականացման ծրագիր է մշակվում, որի մանրամասները նպատակահարմար չէր գտել հրապարակայնացնել՝ սահմանափակվելով, թե փորձում են իրենց իմացածով ներկայացնել, հիմնավորել և առաջ տանել բանակի զարգացումը: Թե որն էր այդ ուղին, և արդյոք այն տեղավորվում էր «մանդատային տարածքի» տրամաբանության մեջ, մինչ օրս պարզ չէ: Սամվել Բաբայանը վերջին շրջանում լռում է, համենայն դեպս, լրատվամիջոցները նրա հետ հարցազրույցներ չեն հրապարակում: Առայժմ հայտնի չէ, թե ինչով է պայմանավորված լռությունը: Ըստ հավաստի տեղեկությունների՝ նա Երևանում է: