Իշխանությունը խայծը կուլ տվեց. հայտարարագիրը հրապարակելիս գիտակցում էի՝ թվերն աննկատ չեն մնա. Արթուր Ղազինյան
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավոր Արթուր Ղազինյանն այսօր երկրորդ անգամ չընտրվեց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով իր թեկնածության մերժման մասին, Ղազինյանը նկատեց՝ թեև իշխանությունն իրեն արդեն երկրորդ անգամ չի ընտրում հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում, սակայն իրենց խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն արդեն ասել է՝ հաջորդիվ խմբակցությունը դարձյալ նույն մարտավարությունն է շարունակելու, քանզի իր թեկնածության մերժումն իշխանության կողմից արդեն ցույց է տալիս, որ շատ ճիշտ թեկնածու է առաջադրվել այդ պաշտոնի համար։
Ինչ վերաբերում է հարցադրմանը, թե ի՞նչ գործ ունի բանակում չծառայած Արթուր Ղազինյանը Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում, մեր զրուցակիցը պատասխանեց.
«Նախորդ նիստում հնչեց այդ «մեղադրանքը»։ Դրանց իմ կողմից տրվեց պատասխան, որ ես չեմ խուսափել ծառայությունից, ոչ էլ ազատվել եմ հիվանդության պատճառաբանությամբ։ Չեմ փնտրել նաև զարտուղի ճանապարհներ բանակում չծառայելու համար։ Իմ առաքելությունն է եղել անվտանգային այնպիսի համակարգի ձևավորումը, որը կբացառի զինվորի կողմից զենքի գործածումը, որովհետև պատերազմը սկսվում է այն ժամանակ, երբ ձախողվում են մյուս բոլոր համակարգերը»,- ասաց Ղազինյանը։
Հարցին, թե ինչ մեկնաբանություն կտա այն փաստին, որ բանակում ծառայել-չծառայելու հարցը բարձրացնում է այն իշխանությունը, որի ոչ միայն ղեկավարը չի ծառայել բանակում, այլև հենց իրենց թիմում բազմաթիվ են չծառայած պաշտոնյաները, Ղազինյանը պատասխանեց.
«Այդ հարցը բարձրաձայնելով՝ փորձում են արդարացնել իրենց, թե տեսեք՝ միայն մենք չենք, որ բանակից «թռած» ենք, բայց չէ՞ որ մենք գիտենք անգամ անուններով, թե որքա՞ն գումար են հատկացրել, ո՞ւմ է դա հատկացվել և ինչպե՞ս են ազատվել ծառայությունից»,- ասաց Ղազինյանը՝ ընդգծելով, որ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում բովանդակային քննարկում պաշտպանական և անվտանգային հարցերի վերաբերյալ, արդեն երկրորդ նիստն է՝ գոյություն չունի, որովհետև այդ հանձնաժողովի կազմում են իշխանության ներկայացուցիչներ, որոնք այդ հարցերի վերաբերյալ չունեն խորքային գիտելիքներ։
«Այդ հանձնաժողովի իշխանական անդամներից այդ ո՞ր մեկն է, որը կարող է գոնե դասագրքային անվտանգային ու պաշտպանական կոնցեպտներ քննարկել։ Անդրանիկ Քոչարյանը ևս պատրաստ չէ։ Անդրանիկ Քոչարյանի մոտ առկա են մակերեսային գիտելիքներ պաշտպանության և անվտանգության ոլորտների վերաբերյալ. համալիր աշխատանքի վերաբերյալ կարծես թե նրա մոտ ոչինչ չկա»,- ասաց Ղազինյանը՝ նշելով, որ այս կարևորագույն հարցերի քննարկումը ծավալելու փոխարեն՝ խոսվում է իր հայտարարագրված ունեցվածքի մասին։
«Մինչդեռ Երևանը փոքր քաղաք է, և բոլորը գիտեն, որ մեր ընտանիքը աղքատ չի էլ եղել։ Իրենց կարծիքով՝ իրենք ինձ թիրախավորում են, որովհետև ես իմ հայտարարագրում նշել եմ ներկայացուցչական թվեր. բայց նրանց կողմից այդ թիրախավորումը ոչ նշանակետին կրակոց է, որովհետև դա կաշխատեր, եթե ես առնչություն ունենայի պետական գնումների հետ, կամ կապ ունենայի օլիգարխների ու կլանային համակարգերից մեկի հետ, ես այդպիսի կապեր չունեմ։ Ես այդ թվերը հրապարակելիս գիտակցում էի, որ այս իշխանության կողմից չեն կարող թվերն աննկատ մնալ, և այս իշխանությունն այդ խայծը կուլ տվեց»,- ասաց պատգամավորը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում