ՍԴ-ն վարույթ է ընդունել ԱԺ նախագահի ընտրության սահմանադրականությունը վիճարկող ընդդիմադիրների դիմումը

Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների դիմումը, որով վիճարկվում է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ընտրության սահմանադրականությունը: Ինչպես տեղեկացանք ՍԴ կայքէջից, գործը կքննվի 2022 թվականի հունվարի 25-ին` գրավոր ընթացակարգով: ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը նշանակվել է զեկուցող դատավոր, իսկ Ազգային ժողովը հանդես կգա որպես պատասխանող:

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարել էր, որ խմբակցությունը Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահ ընտրվելն անօրինական է համարում և կդիմի Սահմանադրական դատարան: «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը նույնպես հայտարարել է, որ խմբակցությունը վիճարկելու է ԱԺ նախագահի ընտրությունը:

Ազգային ժողովի ընդդիմությունը ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել է Մխիթար Զաքարյանի թեկնածությունը, ով կալանքի տակ է՝ պաշտոնի չարաշահման գործով: Այս պատճառով Զաքարյանը չկարողացավ մասնակցել ընտրություններին:

Տեսանյութեր

Լրահոս