«Վահագն Վերմիշյանի գործողությունները եղել են արձանագրված գաղտնալսումներով և տեսախցիկներով. ինչի՞ վրա նա պետք է անօրինական ազդեցություն ունենար». Ալեքսանդր Կոչուբաև

Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի պաշտպանական կողմի միջնորդության վերաբերյալ իր որոշումը: Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը միջնորդել էր կալանավորումը փոխել գրավով: Միջնորդությունը մերժվեց: Վահագն Վերմիշյանը կմնա կալանավորված:

«Արտառոց ոչինչ տեղի չունեցավ: Մեր սպասելիքները 100 տոկոսով իրականացան: Մենք այլ արդյունք չէինք էլ կանխատեսում, քանի որ նախագահող դատավորն արդեն իսկ նախկինում քննել էր մեկ այլ բողոք խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ, և նրա դիրքորոշումն արտահայտվել էր: Վերաքննիչ դատարան դիմելը մեզ համար ընդամենն ընթացակարգը սպառելու միջոց էր»,- Վահագն Վերմիշյանի՝ կալանավորումը գրավով փոխարինելու պաշտպանական կողմի միջնորդության՝ Վերաքննիչ դատարանում քննության նիստից հետո ասաց վերջինիս պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը:

Նա ասաց, որ իրենց համար ակնհայտ էր, որ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը ձեռքով պետք է մակագրի իրենց ներկայացրած վերաքննիչ բողոքը, և, բնականաբար, այն չէր կարող մակագրվել բովանդակություն ունեցող դատավորի:

«Այս վերաքննիչ բողոքը ներկայացված է եղել մեկ ամիս առաջ՝ օգոստոսի 5-6-ին: Այսինքն՝ շուրջ մեկ ամիս անց նոր ազատության զրկման հետ կապված բողոք է քննվում, և սա ևս խոսում է այն մասին. որ արհեստականորեն ձգձգվում է»,- ասաց Վահագն Վերմիշյանի պաշտպանը:

Վերջինս ասաց՝ հասունացել է պահը, երբ իրենք պետք է դիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանի որ արդար դատաքննության բոլոր երաշխիքները սույն գործով ոտնահարված են:

«Մենք չունենք օրինական դատարան, չունենք արդար դատաքննություն: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը 13 հատոր, 5000 էջից բաղկացած նյութերը հետազոտել է ընդամենը 1 դատական նիստով, 15 րոպեի ընթացքում: Եվ այդ պահից սկսած՝ մենք էլ դատավարությունն ենք համարել ավարտված: Ու զբաղվում ենք ինքնախաբեությամբ՝ շատ արագ սպառելով ընթացակարգերը, որպեսզի քննարկումը տեղափոխենք Եվրոպական դատարան, քանի որ այստեղ և մեղադրող դատախազի կեցվածքից, և դատաքննության որակից, քրեական գործերում առկա փաստաթղթերից երևում է, որ պետպատվերն ակնհայտ է»,- ասաց Ալեքսանդր Կոչուբաևը:

Պաշտպանն արձանագրում է՝ Վահագն Վերմիշյանը կշարունակի պատանդի կարգավիճակում մնալ, և թեպետ իրենք, իհարկե, հարցը կփոխանցեն Վճռաբեկ ատյան, բայց այնտեղ ևս ակնկալիքներ չունեն, քանի որ այսօրվա իշխանությունը կարողացավ հասնել դատական իշխանության տոտալ վերահսկողության. Դատարանների նախագահները մակագրում են իրենց ցանկալի անձին: Եվ եթե նախկինում կարող էր բախտդ բերել, ու գործդ ընկներ բովանդակային դատավորի մոտ, հիմա այդ հնարավորությունը չկա:

«Միակ հիմնավորումը, որով շարունակում է Վահագն Վերմիշյանի պատանդառությունը, այն է, որ նա, մնալով ազատության մեջ, անօրինական ազդեցություն կունենա դատավարության մյուս մասնակիցների նկատմամբ: Եվ սա արվում է այն պայմաններում, երբ Վահագն Վերմիշյանի գործողությունները շուրջ 6 ամիս դատարանի որոշման հիման վրա և մեկ տարի առանց դատարանի որոշման, ակնհայտ հանցավոր ճանապարհով եղել են արտաքին և ներքին դիտման տակ, նրան գաղտնալսել են: Եվ նրա ամբողջ գործողությունները եղել են արձանագրված գաղտնալսումներով և տեսախցիկներով: Եվ հիմա հարց է առաջանում՝ ինչի՞ վրա պետք է անօրինական ազդեցություն ունենար Վահագն Վերմիշյանը»,- եզրափակեց Ալեքսանդր Կոչուբաևը:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին, հյուրընկալվելով Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական https://168.am/2021/07/17/1549663.html թողարկմանը, Ալեքսանդր Կոչուբաևն  աղաղակող փաստեր, սկանդալային բացահայտումներ https://www.youtube.com/watch?v=PCBuySE0TUk էր ներկայացրել Վահագն Վերմիշյանի գործից:

Ըստ այդմ՝

  • Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը խոչընդոտում էր Նիկոլ Փաշինյանի և նրա շրջապատի բիզնես շահերին:
  • Քաղբանտարկյալ Վահագն Վերմիշյանը հիմա պատանդի կարգավիճակում է:
  • Վերմիշյանը բացահայտել էր, որ 2018-2020թթ. մետաղի ջարդոնի անվան տակ ՀՀ-ից 50 հազար տոննա մաքուր երկաթ է դուրս եկել:
  • Վահագն Վերմիշյանը փորձել էր ի շահ Հայաստանի 10 մլն դոլարի եկամուտ ապահովել, բայց դրանով խանգարում էր ոմանց ասֆալտի բիզնեսին:
  • Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը ոչ միայն քաղբանտարկյալ է, այլև քաղաքական պատանդ է:
  • Վահագն Վերմիշյանը ժամանակից շուտ էր հասկացել, որ Գյումրիում մաքսակետ կառուցում են տեսանելի ապագայում Թուրքիայի հետ ազատ առևտուր անելու համար:
  • Իրանից Հայաստան ներկրվող ցեմենտի տակ փոշիանման այլ զանգված էր փոխադրվում. Վերմիշյանի հետաքննությունը նրան կալանավորելու վերջին կաթիլն էր:
  • «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծախսերը չի հաստատում միջազգային աուդիտը:
  • Հիմնադրամի 54 մլրդ դրամից մնացել է ընդամենը 10 մլն դոլարը, մնացած գումարն իշխանությունների կողմից կանխիկացման միջոցով փոշիացվել է:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս