Բրազիլիայի կառավարությունը թույլ չի տվել շարունակել Բրազիլիա-Արգենտինա խաղը մրցակցի 4 ֆուտբոլիստի պատճառով
Ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման Բրազիլիա-Արգենտինա հանդիպումը 4-րդ րոպեին ընդհատվել է և չի շարունակվել, քանի որ Բրազիլիայի կառավարությունը թույլ չի տվել շարունակել խաղը:
Խաղի մեկնարկից 4 րոպե անց դաշտ են ներխուժել Բրազիլիայի առողջության վերահսկողության ազգային գործակալության և ոստիկանության աշխատակիցներ, ինչից հետո Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները լքել են դաշտը:
Բրազիլիայի առողջության վերահսկողության ազգային գործակալության աշխատակիցները կասկածներ ունեն, որ Արգենտինայի հավաքականի և «Աստոն Վիլա»-ի ֆուտբոլիստներ Էմիլիանո Մարտինեսը և Էմիլիանո Բուենդիան, ինչպես նաև Արգենտինայի հավաքականի և «Տոտենհեմ»-ի ֆուտբոլիստներ Ջովանի Լո Չելսոն ու Քրիստիան Ռոմերոն Բրազիլիայի սահմանը հատել են օրենքի խախտմամբ:
Մեծ Բրիտանիայից Բրազիլիա ժամանող անձինք պետք է 14-օրյա կարանտին անցնեն: Sports.ru կայքը գրում է, որ Բրազիլիայի առողջության վերահսկողության ազգային գործակալությունը պնդել է, որ վերը նշված ֆուտբոլիստները կեղծ տեղեկություններ են տրամադրել էմիգրացիոն ծառայությանը, թե իրենք վերջին շրջանում Մեծ Բրիտանիայում չեն եղել:
Ավելի վաղ հաղորդվել է, որ գործակալությունը դիմել է ոստիկանությանը, որպեսզի այդ ֆուտբոլիստներին ձերբակալեն և արտաքսեն երկրից, սակայն ոստիկանության հյուրանոց ժամանելու պահին ֆուտբոլիստներն արդեն թիմի հետ ուղևորվելիս են եղել մարզադաշտ խաղին մասնակցելու համար:
Մարտինեսը, Լո Չելսոն և Ռոմերոն եղել են Արգենտինայի մեկնարկային կազմում, երբ Բրազիլիայի առողջության վերահսկողության ազգային գործակալության և ոստիկանության աշխատակիցները ներխուժել են խաղադաշտ: