«Արցախի ՊԲ-ն միայնակ է մնացել. ՀՀ ԶՈւ-ն մարդկային ռեսուրսներով չի օգնում Արցախին». Վիտալի Մանգասարյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի համահիմնադիր, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանի կարծիքով՝ ՀՀ իշխանությունները բավարարվում են միայն ականջահաճո հայտարարություններով, իսկ գործնականում անլուրջ մոտեցում են ցուցաբերում, որն ըստ նրա՝ լավ տեղ չի տանելու:

«Այսօր պետք է առավել, քան ուշադրություն դարձնենք Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, իսկ իշխանությունները իրականացվող ինչ-որ սոցիալական ծրագրեր փորձում են դրոշակ սարքել՝ բա մենք սա ենք արել. Դա՞ էլ չպետք է անեիք: Մենք խոսում ենք դիվանագիտության, միջազգային ատյաններում Արցախի հարցի բարձրացման վերաբերյալ, իսկ իշխանությունների արգումենտն այն է, որ սոցիալական ծրագրերով տուն են սարքել: Դրանք իրար հետ կապ չունեն»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Ռազմական փորձագետը նկատեց՝ այսօր ՀՀ զինված ուժերը չեն համալրում Արցախի ՊԲ-ն.

«Մեր Զինված ուժերը մարդկային ռեսուրսներով չեն օգնում, Արցախի ՊԲ-ն մնացել է իր ներքին ռեսուրսների հույսին: Իսկ մենք գիտենք, որ այդ առումով էլ Ադրբեջանի կողմից մեծ ճնշումներ են գործադրվում, հանրային տիրույթում նրանք բազմիցս բարձրաձայնել են այդ հարցը, որ ինչ-որ շարժեր են տեսնում, նույնիսկ ռուսական զորքերի շարժն էր նրանց նյարդերի վրա ազդում, որովհետև նրանք հասկանում են, որ Արցախի անվտանգության երաշխավորը այս փուլում առաջինը ՊԲ-ն է, որը միայնակ է մնացել, երկրորդն էլ ռուսական խաղաղապահ առաքելությունն է: Այս կոնտեքստում, մեր միասնականության, ազգային իղձերի իրականացման համար պետք է լուրջ գործողություն կատարենք: Եթե միայն հայտարարությունների մակարդակում ենք մնում, ու գործնական քայլեր չեն արվում, ապա լուրջ ակնկալիքներ չեն կարող լինել»:

Վիտալի Մանգասարյանն ընդգծեց՝ մայիսի 12-ից ՀՀ սուվերեն տարածքում գտնվող ադրբեջանական ստորաբաժանումները մայիսի 19-ի դրությամբ արդեն ինժեներական կառույցներ էին ձևավորել. «Ադրբեջանական մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել, թե ինչպես են նրանք ինժեներական տեխնիկա տեղաշարժում այդ ուղղության վրա, հրետանային միջոցներ էին տեղաշարժում, ինչպես ասում են՝ տնավորվում են այդտեղ, լուրջ պաշտպանություն են ձևավորում, և պարզ է, որ այդտեղ լուրջ խնդիրներ ենք ունենալու»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս