«Հավատարմագրման փոփոխությունները պետք է ծառայեն հանրային շահին, իսկ այստեղ մենք դա չենք տեսնում». Նարինե Բեգլարյան
«Ձևավորվում է որոշակի տենդենց, որն ուղղված է հասարակությունում որոշակի սահմանափակումների ներդրմանը, և դրանով են պայմանավորված որոշակի իրավական ակտերի ընդունումն ու գործողության մեջ դնելը»,- Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ) կազմակերպած «Ընդդեմ մամուլի սահմանափակումների, հանուն խոսքի ազատության և տեղեկացված լինելու իրավունքի» խորագրով քննարկման ժամանակ ասաց «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի փաստաբան Նարինե Բեգլարյանը՝ հավելելով, որ ծանր վիրավորանքի քրեականացումը որոշակի շահարկումների համար դաշտ է բացում և դժվարացնելու է նաև իրավաբանների գործնական աշխատանքը:
Վերջինս չի կարծում, որ վիրավորանքի քրեականացումը չի ծառայելու իր նպատակին, այսինքն՝ մարդկանց հետ չի պահելու որոշակի արտահայտություններ անելուց, որովհետև երբ մի բան դառնում է սովորական, կորցնում է իր բացառիկ ազդեցության հնարավորությունը:
«Լրագրողների աշխատանքի սահմանափակման որոշման մեջ տեղեկատվություն ստանալու իրավունքի սահմանափակման հարցը կա նաև: Հավատարմագրման փոփոխությունները պետք է ծառայեն հանրային շահին, իսկ այստեղ մենք դա չենք տեսնում»,- ասաց Նարինե Բեգլարյանը:
Փաստաբանի խոսքով՝ կան հնարավորություններ ազգային օրենսդրության շրջանակներում լրագրողների պաշտպանության, և դրա համար պետք է ակտիվ լինել իրավական դաշտում:
«Երբ դու սկսում ես ակտիվ պաշտպանվել, մյուս կողմն արդեն, մտքում ունենալով քո ակտիվ պաշտպանությունն ու որոշակի առումով հարձակողական քաղաքականությունը, հաջորդ անգամ կմտածի քո դեմ քայլեր ձեռնարկելուց առաջ»,- նշեց Նարինե Բեգլարյանը:
Փաստաբանի խոսքով՝ լրագրողները պետք է օգտագործեն իրենց ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր իրավական գործիքներն ու ազդեցության միջոցները, որպեսզի լինեն լսելի:
«Միշտ էլ հնարավոր է պայքարելու դեպքում հասնել արդյունքի: Մենք բոլորս՝ իրավաբաններով, պատրաստ ենք մեր ուժերի և զբաղվածության սահմաններում օգնել լրագրողներին»,- եզրափակեց Նարինե Բեգլարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում