«Պատկան մարմիններն աշխատանքներ իրականացնում են, իսկ «Կարմիր խաչն» աշխատանքի է անցնում, երբ կողմերից ստանում ենք հաստատում». Զառա Ամատունի
Հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել էր կապը ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։ Նրանք եղել էին առանց զենքի։
Օգոստոսի 22-ին ևս մեկ զինծառաող էր անհետ կորել։
Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, ըստ այդմ.
«Ավագ լեյտենանտ Արթուր Դավիդյանը, առանց վերադաս հրամանատարության թույլտվության օգոստոսի 22-ին ժամը 21։00-ի սահմաններում, դուրս էր եկել մշտական տեղակայման վայրից, ինչից հետո որոշ ժամանակ անց նրա հետ կապը կորել էր: Նախնական տեղեկություններով` Դավիդյանը վատ տեսանելիության պայմաններում մոլորվել էր տեղանքում և հայտնվել ադրբեջանական կողմում։
Անմիջապես մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքները, ռուսական կողմի միջնորդությամբ քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական կողմում հայտնվելը հաստատելու ուղղությամբ»:
Այսօր 168.am-ը թեմայի շուրջ զրուցել է «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունու հետ, որն անդրադառնալով անհետ կորած երեք զինծառայողներին, որոնցից մինչև օրս որևէ տեղեկություն չկա, նախ նշեց, որ նման հարցերին բավականին սեղմ են անդրադառնում, քանի որ խնդիրները մեծ մասամբ գտնվում են «Կարմիր խաչի» և համապատասխան իշխանությունների կոնֆիդենցիալ երկխոսության տիրույթում և հրապարակման ենթակա չեն։
«Ինչ վերաբերում է այս դեպքերին, մենք հետևել ենք դրանց, նաև իշխանությունների հետ մեր երկխոսության ընթացքում, պատկան մարմիններն են զբաղվել այդ հարցերով։ Մեզ նրանց ընտանիքներից տեղեկատվություն կամ դիմում հատուկ չէր եղել։ Պատկան մարմիններն աշխատանքներ իրականացնում են իրենց ամբողջ գործիքակազմով, իսկ «Կարմիր խաչն» աշխատանքի է անցնում, երբ կողմերից ստանում ենք հաստատում։ Ընտանիքների հետ մենք ժամանակին չենք ունեցել այդ կապը, մենք փորձել ենք ինչ-որ ձևով նրանց գտնել, բայց նրանք մեզ մոտ չեն հայտնվել, ենթադրաբար խնդրով նրանք զբաղվել են անմիջապես իշխանությունների հետ»,- նշեց Զառա Ամատունին։
Ինչ վերաբերում է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին և արդեն դատապարտված ռազմագերիներին, Զառա Ամատունին փոխանցեց, որ կազմակերպության վերջին այցելությունը եղել է օգոստոսի սկզբին, և այդ օրերին յուրաքանչյուրի հետ հանդիպման ժամանակ հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ։
«Գործարկվել են տարբեր մեխանիզմներ՝ «Կարմիր խաչի» միջոցով նամակներ, հեռախոսազանգեր ենք փոխանցել, ընտանիքների տեսագրված հաղորդագրությունները, միևնույն ժամանակ մեր պատվիրակները տեսագրել են հաղորդագրություններ նրանցից, որոնք Հայաստանում փոխանցել ենք հարազատներին»,- եզրափակեց Զառա Ամատունին։