Բաժիններ՝

Ժամանակին Արցախում ռազմական ակադեմիայի հիմնումը կարևոր խնդիր էր, այսօր Ստեփանակերտում Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանը պահելու իմաստ չեն տեսնում

Վերջին օրերին սոցցանցերում սկսեցին ակտիվորեն քննարկել Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանի փակման փաստը: Իրականում սա նորություն չէ, վարժարանը փակվել է 44-օրյա պատերազմից հետո:

168.am-ի տեղեկություններով, ռազմամարզական վարժարանի գոյությունը նպատակահարմար չեն գտել, երբ Երևանում կա Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան, ուր արցախցիները կարող են դիմել: Մինչդեռ նման միտք այս տարիներին երբևէ չի ծագել, թեպետ 2019-2020թթ. ուսումնական տարում Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարան էր ընդունվել թվով 38 սան՝ նախորդ տարվա 51-ի փոխարեն:

Իհարկե, այստեղ կրթական որակի հետ կապված խնդիր կար, բայց այն կարելի էր բարելավել:

Ի վերջո, նման որակական խնդիր կա նաև հայաստանյան ռազմական հաստատություններում, ինչպես նաև՝ դիմորդների թվաքանակի նվազման խնդիր: Հետևաբար, նման դեպքերում ամեն ինչ պետք է անել, որ առաջին հերթին զինվորականի մասնագիտությունը գրավիչ դառնա, հատկապես վերջին պատերազմից հետո և մանավանդ, որ պատերազմը չի ավարտվել:

Մինչդեռ ՀՀ գործող իշխանությունները, որին հնազանդ լսում է Արցախի ղեկավարությունը, գործնականում ճիշտ հակառակն են անում:

168.am-ը, մասնավորապես, գրել էր, որ ՀՀ ոստիկանության Պարեկային նոր ծառայությունը իշխանությունները որոշել են տեղակայել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շենքում:

Պաշտպանության նախարարությանն ասվել էր, թե իբր ժամանակավոր՝ մի քանի ամսով է լինելու այս տեղափոխությունը՝ պատճառաբանելով, որ ժամանակի մեջ չեն տեղավորվել նոր պարեկային ծառայության ստեղծման շրջանակում շենքային պայմանների բարելավման աշխատանքներն ավարտին հասցնելու հարցում:

Բացի ֆինանսական պատճառներից, չի բացառվում, որ սա ընդամենը պատրվակ էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում մշտական տեղավորվելու կամ «ոտք պնդացնելու» համար՝ հաշվի առնելով Փաշինյանի իշխանության վերաբերմունքը և տեսլականը բանակի հետ կապված, երբ ՀՀ զինված ուժերի փոխարեն՝ ՀՀ սահմանի կարևորագույն հատվածներում պաշտպանությունը հանձնում է ռուս սահմանապահներին, ընդլայնում ռուսական ռազմական ներկայությունը ՀՀ-ում, ըստ այդմ՝ բանակում սկսված բարեփոխումների արդյունքում նպատակ դնում կրճատել մարտավարական օղակը:

ՀՀ-ում գործող իշխանությունները անվտանգային լուրջ սպառնալիքներ, մարտահրավերներ ունեցող մեր երկիրը տանում են դեպի ոստիկանական պետություն, որտեղ բանակի դերակատարումը նվազագույնի է հասցված, ինչը բխում է բացառապես թուրք-ադրբեջանական տանդեմի շահերից և վտանգում մեր երկրի անվտանգությունը:

Թե Արցախում ինչպիսի՞ պետություն են ուզում կառուցել, մի կողմ թողնենք, այս դեպքում Արցախի առանձին միավոր լինելու հարցն է, որում կարևոր բաղադրիչ է, ըստ էության, ռազմամարզական վարժարանի գոյությունը, այդ թվում՝ քարոզչական առումով:

Հիշեցնենք, որ ժամանակին ռուսաստանահայ բարերար Լևոն Հայրապետյանը առաջնային ծրագիր ուներ Արցախում հիմնել ռազմական ակադեմիա, որի նպատակը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության համար բարձրաստիճան սպայակազմի պատրաստումն էր: Շինարարական աշխատանքները սկսվեցին, սակայն նրա մահից հետո դրանք անավարտ մնացին:

Այսինքն, բարերարը լավ էր գիտակցում, որ ռազմական հզոր ուժի առկայությամբ է հնարավոր ապահովել երկրի անվտանգությունը և ինքնիշխանությունը: Իսկ մենք ոչ միայն խզեցինք ՀՀ ԶՈՒ-ՊԲ կապը, այլև հայկական այս երկու պետություններում առանձին-առանձին փորձում ենք վնասել բանակին: Այո, պատերազմից հետո որոշ վերանայումների անհրաժեշտություն կա, բայց դրանք պիտի նպաստեն բանակի հզորացմանը և դերի բարձրացմանը, ոչ թե հակառակը, անգամ ռուսական աջակցությամբ: Եվ հատկապես, երբ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ թուրքական փոքր բանակի ստեղծմանն է լծված և չի հրաժարվել հայկական ամեն ինչ կործանելու մտադրությունից:

Շուշիում «Վագիֆի պոեզիայի օրերի» բացման ժամանակ, մասնավորապես, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի շենքի շինհրապարակում Շուշիի նոր հինգաստղանի հյուրանոց է կառուցվելու:

«Ինքս եմ ընտրել նոր հինգաստղանի հյուրանոցի կառուցման վայրը: Հենց այն վայրը, որտեղ ատելի թշնամին կառուցում էր, այսպես կոչված, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի շենքը: Դա արվում էր մեզ նյարդայնացնելու համար: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» ասվածն այլևս գոյություն չունի: Այդ շենքի հիմքն արդեն գցված էր: Իմ հանձնարարությամբ «սատանայի այդ որջը» Շուշայում ոչնչացվեց»,- հայտարարել է նա:

Վերադառնալով մեզ փոխանցված մտքին, թե Արցախից կարող են Երևանում գործող Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան դիմել, նախ նշենք՝ դրա համար պետք է լուծել Արցախի կարգավիճակի հարցը, որի ապագան դեռ մշուշոտ է, իսկ լուծողները չպետք է խորշեն գնալ Արցախ, չպետք է խորշեն Արցախի օկուպացված տարածքների հայկական անուններն արտաբերելուց՝ լսելով Ադրբեջանի նախագահի հորդորները: Այլապես մի օր Ալիևը կարող է կոչ անել արցախցիներին Բաքվի ռազմական ուսումնական հաստատություններ գնալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս