«Ֆիզգորոդոկ»-ի բնակիչների՝ թաղամասում շինարարությունը դադարեցնելու մասին հայցը դատարանը վարույթ է ընդունել
Երևանի «Ֆիզգորոդոկ» անունով հայտնի բնակելի թաղամասում բնակիչները երկու շաբաթ է՝ շարունակում են պահանջել դադարեցնել գիտավանի տարածքում 12 հարկանի բնակելի շենքի շինարարությունը:
«Այսօր տեղեկացանք, որ նախորդ ուրբաթ Վարչական դատարանը վարույթ է ընդունել քաղաքապետարանի կողմից Ռատկո ՍՊԸ-ին Ալիխանյան 6/1-ում կառուցապատում իրականացնելու համար տրամադրված շինթույլտվությունը վիճարկող մեր հայցը, սակայն մերժել է արգելանքի միջնորդությունը՝ «բավարար հիմքերի բացակայության» պատճառով»,- մեզ հետ զրույցում ասաց բնակիչներից Սեդա Գրիգորյանը:
Հավելենք, որ Երևանի Ֆիզիկայի ինստիտուտին հարակից բնակելի թաղամասում, կամ, ինչպես բնակիչներն են ասում, «Ֆիզգորոդոկում», ցանկանում են բարձրահարկ շենք կառուցել, սակայն թաղամասի բնակիչների մի մասը դեմ է այդ կառուցապատմանը, քանի որ, ըստ նրանց՝ բարձրահարկի կառուցումը կխաթարի թաղամասում տասնյակ տարիների ընթացքում ձևավորված կենսամիջավայրը:
Քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում ավելի վաղ գրել է, որ հողը սեփականաշնորհվել է 2004 թվականին, Երևանի քաղաքապետարանն իրավական հնարավորություն և լիազորություն չունի չեղարկելու սեփականաշնորհման որոշումը: Այդ տարածքում արդեն տրված է եղել 12 հարկանի շենքի շինթույլտվություն 2007 և 2012 թվականներին: 2019-ին քաղաքապետարանը մերժել է նախկին շինթույլտվության երկարացումը և պահանջել կառուցապատողից՝ նորից անցնել բոլոր փորձաքննությունները: ԿԳՄՍ-ն 2021-ի փետրվարին հայտնել է, որ ճանաչել է «Ֆիզգորոդոկի» տարածքը՝ որպես նորահայտ հուշարձան, այնուհետև, 2021-ի մայիսին, հանել Ալիխանյան 6/1-ի հողակտորն այդ տարածքից: 2021-ի հուլիսին քաղաքապետարանը տվել է շինթույլտվություն: Քաղաքապետարանը պարտավոր է տալ շինթույլտվություն, եթե նախագիծը համապատասխանում է բոլոր նորմերին, և տարածքն ընդգրկված չէ հուշարձանների ցանկում:
Հիշեցնենք, որ Ֆիզիկայի ինստիտուտի գիտավանի բնակիչ, ինժեներ Կարեն Ամիրխանյանն օգոստոսի 27-ին անժամկետ հացադուլ է հայտարարել՝ միանալով մեկ օր առաջ հացադուլ հայտարարած բնակիչ, իրավաբան Հայկ Հարությունյանին։ Նրանց պահանջը նույնն է՝ դադարեցնել գիտավանի տարածքում 12 հարկանի բնակելի շենքի շինարարությունը: Բնակիչները դիմել են դատարան՝ վիճարկելու կառուցապատումը, դատարանը վարույթ է ընդունել գործը, բայց չի կասեցրել շինարարությունը: Միակ մարմինը, որը կարող է կասեցնել շինարարությունը, դատարանն է, քաղաքապետարանը տվյալ պայմաններում այդպիսի լիազորություն չունի: