Բաժիններ՝

5 ֆիլմ՝ ամռանը հրաժեշտ տալու համար

Գիտեմ՝ բարդ է: Բարդ է, անգամ կրկին հանդիպելու հստակ պայմանավորվածությամբ, մեկ տարով հրաժեշտ տալ լողափին ու լողազգեստին, հացի, պանրի և ձմերուկի համադրությանը, սառը գինու գավաթներին և թեթև հագուստին, որոնք հիշության մեջ պահպանելու ժամանակակից լավագույն տարբերակը սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարներն են: Բայց կա ևս մեկ տարբերակ ամառային տրամադրությունը երկարաձգելու համար, այն է կինեմատոգրաֆը: Աշխարհի բոլոր անկյուններից ռեժիսորները, դերասանները, սցենարիստները, չմոռանանք նշել մոնտաժողներին և, իհարկե, պրոդյուսերներին, ջանք չեն խնայում ստեղծելու ամառային տրամադրությամբ ֆիլմեր, որոնք կօգնեն խաղաղությամբ ճանապարհել ամառը և պատրաստվել աշնան գալուն՝ համապատասխան ֆիլմերով:

«Առաջին սիրո երգը» (1958)

Այստեղ եմ ծնվել, ես այստեղ մեծացել, այս ջուրը խմել սառնորակ…

Կարդացեք նաև

Սառնորակ ջուրը, Մամիկոնյանի (Նիկոլայ Տեր-Սեմյոնով) ձեռքի ձմերուկն ամռանը մեր ստամոքսի գլխավոր ուղեկիցներն են: Իսկ այն, ինչ փափագում է ամռանը կնոջ սիրտը ռոմանտիզմն է՝ ի դեմս բարձրահասակ, գանգրահեր և դյութիչ ձայնով Արսենի (Խորեն Աբրահամյան): Հայկական կինեմատոգրաֆի գլխավոր թեմաներից չէ ռոմանսը, ուստի ամռանը մեկնարկող ռոմանտիկ ինտրիգները լավագույն առիթն են կինոսեր հասարակության համար «բինգո» բացականչելու համար: Ֆիլմը գրավիչ է իր երևանյան կադրերով, քաղաքի հմայքն ամբողջացնող գեղեցկադեմ մարդկանցով և մելոդրամատիկ թեմայով, որի առանցքում հայտնվել դրդում է ամառը, որոնցից դուրս գալ ստիպում է աշունը:

«Կոչիր ինձ քո անունով» (2017)

10 Fascinating Facts About Call Me By Your Name | Mental Floss

Ադնրե Ասիմանի համանուն վեպի հիման վրա իտալացի ռեժիսոր Լուկա Գուադանինոյի նկարահանած ֆիլմը 17-ամյա տղայի առաջին սիրո պատմությունն է: Ամառային արձակուրդները մշտապես են լի սիրավեպերով, բայց Էլիո Փերլմանի (Թիմըթի Շալամե) ամառային սիրավեպը թեթև սեթևեթանք չէ, այլ խորը զգացմունք, որը ռեժիսորը ցուցադրել է՝ պատկերելով սիրահարվելու բոլոր փուլերը՝ առաջին հպումից մինչև առաջին համբույր և միասին անցկացրած առաջին գիշեր:

«Լուկա» (2021)

Ոմանք վստահ են, որ ֆիլմերը կարող են փոխել կյանքը, մյուսները դժվարանում են համաձայնել այդ մտքի հետ: Ֆիլմերը փոխում են, թե՝ ոչ, վստահ չեմ կարող ասել, բայց մուլտֆիլմերը ունակ են հրաշքներ գործելու: Ռեժիսոր Էնրիկո Կասարոսայի համակարգչային անիմացիան 1 ժամ 36 րոպեի ընթացքում կպատմի երկու ընկերների՝ Լուկայի և Ալբերտոյի մասին, որոնք ծովային հրեշներ են և ցանկանում են բացահայտել ամբողջ աշխարհը: Մուլտֆիլմը խորհուրդ է տրվում դիտել թե երեխաներին, թե նրանց ծնողներին. առաջիններին՝ հասկանալու համար, որ ազատությունը վեր է ամենից և սեփական ցանկությունները սահմանափակելը հոգու մահ կարող է նշանակել, երկրորդներին՝ հասկանալու, որ ազատությունը վեր է ամենից և սեփական ու երեխայի ցանկությունները սահմանափակելը հոգու մահ կարող է նշանակել:

«Ամառը Մոնիկայի հետ» (1953)

Ամառը միայն զվարճանքի ժամանակ չէ. երբեմն ամենատաք երեք ամիսներին տեղի են ունենում ամենաճակատագրական դրամաները: Աշխատանքային դասի երկու երիտասարդների հարաբերությունների մասին պատմող ֆիլմը Ինգմար Բերգմանի գուցե ոչ ամենահայտնի, բայց ամենաազդեցիկ կինոժապավեններից մեկն է: Երիտասարդ սիրահարները փախչում են քաղաքից և պատասխանատվությունից, ապրում են ծովի ափին՝ նավի մեջ, կղզուց կղզի են տեղափոխվում և սիրով են զբաղվում բաց երկնքի տաք: Ամենը փոխվում է ամուսնությունից հետո, երբ հերոսները ձեռք են բերում Բերգմանի ֆիլմերին ամենաբնորոշ հատկանիշը՝ մենությունը:

«Ընկերներ», երրորդ եթերաշրջան, 25-րդ էպիզոդ

Դիտելով վերը նշված ֆիլմերը, ամառային կինո-մարաթոնը կարելի է ամփոփել բոլոր ժամանակների, չեմ վախենա այդ բառից, ամենակուլտային սերիալը դիտելով: «Ընկերներ» սերիալի երրորդ եթերաշրջանի 25-րդ էպիզոդը ձեզ կտեղափոխի ծովափ, որտեղ Ֆիբին (Լիզա Քուդրոու) մեծ բացահայտում կանի, կզգաք ակնարկներ Մոնիկայի (Քորթնի Քոքս) և Չենդլերի (Մեթյու Փերրի) հետագա հարաբերությունների վերաբերյալ և կտեսնեք՝ ի վերջո ինչ ընթացք կստանան Ռեյչլի (Ջենիֆեր Էնիսթոն) և Ռոսսի (Դեյվիդ Շվիմեր) հարաբերությունները:

Բարի դիտում, կհանդիպենք աշնանը:

Անի Գաբուզյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս