Արթնացա սեպտեմբերի 27-ին ու հասկացա, որ ես չեմ էլ պատկերացրել՝ ինչ է պատերազմը. Միլենա Ավանեսյան
Թատրոնի և կինոյի երիտասարդ դերասանուհի Միլենա Ավանեսյանը բազմախոսք է իր աշխատանքը կատարելիս, բայց պատերազմը հաղթահարում է առանց բառերի, լուռ՝ զգալով ու ապրելով իրեն տրված ամեն վայրկյանը: «Ստեղծագործողը և հետպատերազմյան շրջանը» շարքի շրջանակներում մեր զրույցն ապացույցն է դերասանուհու՝ հուսահատության ու ցավի լուռ հաղթահարման:
Տեսնում եմ՝ ինչպես է տատիկս մինչ օրս սպասում իր տղային
Ես իմ ամբողջ գիտակից տարիքում միայն լսել եմ պատերազմի մասին, լսել եմ հորեղբորս մասին, ով անհայտ կորել է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, տեսնում եմ՝ ինչպես է տատիկս մինչ օրս սպասում իր տղային:
Արթնացա սեպտեմբերի 27-ին ու հասկացա, որ ես չեմ էլ պատկերացրել, թե ինչ է պատերազմը: Հաղթահարում եմ պարզապես չհանձնվելով… Շարունակում եմ ապրել Հայաստանում, ստեղծագործում եմ, սիրում եմ ու հույսս չեմ կորցնում:
Թատրոնը կախարդական վայր է
Շատ դժվար է պատերազմից հետո ստեղծագործելու իմաստ գտնել: Թատրոնը կախարդական վայր է: Ես փորձում եմ մարդկանց օգնել գոնե մեկ ժամով կտրվել իրականությունից… Կարծում եմ՝ հանուն դրա արժե ստեղծագործել:
Ես չեմ ուզում տեսնել պատերազմի թեմայով ոչ մի ստեղծագործություն. առանց այդ էլ ցավացող տեղն ավելի ցավեցնել պետք չէ:
Ես պարզապես սկսել եմ ավելի շատ գնահատել ինձ տրված ապրելու ժամանակը
Հուսահատված եմ, որովհետև առաջին անգամ եմ զգացել՝ ինչ է պատերազմը…
Ես իսկապես չգիտեմ՝ ինչ է պետք անել դրա հետ: Ես պարզապես սկսել եմ ավելի շատ գնահատել ինձ տրված ապրելու ժամանակը: Ավելի շատ ժամանակ անցկացնել իմ սիրելի մարդկանց հետ, ասել նրանց, թե ինչքան թանկ են ինձ համար ու սիրելի…
Ես փորձում եմ չլինել այն ստեղծագործողը, ով կշարունակի դեգրադացնել մարդկանց
Շատ բարդ է ստեղծագործել Հայաստանում, որովհետև մեր հասարակությանը մեծ քանակով անորակ ու անմակարդակ ներկայացումներ, ֆիլմեր, երգեր են հրամցնում: Շատ բարդ է նույն հասարակությանը սովորեցնել ընկալել ու սիրել իսկական արվեստը: Ես փորձում եմ չլինել այն ստեղծագործողը, ով կշարունակի դեգրադացնել մարդկանց:
Անի Գաբուզյան