Բաժիններ՝

«Տասնյակ նամակներ ու դիմումներ ենք ուղարկել բոլոր կառույցներին. պատասխան ու արդյունք չկա». Տիգրան Հեքեքյան

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի խնդիրը շարունակում է չմտահոգել պատկան մարմիններին։ Երկու տարի առաջ Արամի 23 հասցեում գտնվող շենքը փլուզվելուց հետո երգչախումբը մնացել է  առանց տանիքի, 2019 թվականի դեկտեմբերից երգչախումբն իր պարապմունքները տարբեր տեղերում է անցկացնում՝ առանց հիմնական շենքի։

«Տասնյակ նամակներ ու դիմումներ ենք ուղարկել բոլոր կառույցներին, բոլորն էլ՝ ժամանակի կորուստ. որևէ պատասխան ու արդյունք չկա։ Երգչախմբի պարապմունքները տարբեր տեղերում ենք անում, որտեղ ստացվում է՝ այնտեղ։ Մեզ այդպես էլ հիմնական տեղ չհատկացրեցին։ Փոքրերի համար Պուշկինի դպրոցում տեղ ունենք, իհարկե, շնորհակալ ենք, բայց դե դպրոց է, ժողով կա, բան կա, իսկ մեծերն իրենց փորձերն անում են՝ որտեղ պատահի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը։

Ըստ նրա, Արամի 23 հասցեում գտնվող շենքի ճակատագիրն իմանալու համար փետրվարից նամակներ են գրել տարբեր կառույցների, մինչև օրս որևէ տեղից պատասխան չեն ստացել։

«Անորոշ իրավիճակում ենք, չգիտենք՝ ինչ է լինելու»,- եզրափակեց Տիգրան Հեքեքյանը։

Հիշեցնենք, որ Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքում 1995 թվականից իր գործունեությունն էր ծավալում  «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը։ «Հին Երևան» նախագծով նախատեսված է քանդել շենքը, որի հետևանքով այսօր խաթարվել է երգչախմբի գործունեության բնականոն ընթացքը։ Ավելին՝ այս ընթացքում երգչախումբը չի կարողացել մասնակցել տարբեր միջազգային համերգների, որոնց մասնակցելու համար հրավերներ է ստացել տարբեր երկրներից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս