Բաժիններ՝

«Աստծուն ոչ ոք երբևէ չի տեսել» (Ա Հովհ. 4:12)

Որպես քրիստոնյաներ հաճախ ենք ունենում այն զգացումը, թե կցանկանայինք տեսնել Աստծուն նյութական աշխարհում, ֆիզիկական գոյության մեջ: Սակայն մի պահ կանգ առնենք և հարցնենք մեզ՝ ի՞նչ է փոխելու այդ երևույթը մեր հավատի հաստատման մեջ: Արդյո՞ք ասելով Աստված՝ հասկանում ենք ֆիզիկական գոյություն: Եթե այդպես է, ապա մեր հավատը և պատկերացումները կարիք ունեն վերանայման, մեր դատողությունը կարիք ունի նորոգման, նոր հիմքերի:

Այդ դեպքում կհարցնեք՝ ինչո՞ւ Աստված մարդացավ, եթե ֆիզիկական աշխարհը բնավ կարևոր չէ հավատքի մեջ: Այս հարցի պատասխանը ճշգրտորեն տվել է Սուրբ Աթանաս Մեծը, ով Ընդհանրական Եկեղեցու հայրապետ է, աստվածաբան: «Աստված մարդացավ, որպեսզի մարդն աստվածանա»,- ասել է Սուրբը: Այս մեկ նախադասությունում ամփոփված է ողջ խորհուրդը Քրիստոսի մարդեղացման, երկրային կյանքի ու սրխանքների: Զուր չէ, որ Քրիստոս համարվում է մարդկության Փրկիչ: Նա ուրացավ իր անձը և խաչվեց՝ հանուն մարդկության փրկության:

Սակայն կա՞ մեկը, ով տեսել է Աստծուն: Այս հարցի պատասխանն էլ տալիս է Սուրբ Գիրքը՝ ասելով. «Աստծուն ոչ ոք երբևէ չի տեսել։ Բայց եթե միմյանց սիրենք, Աստված մեր մեջ կբնակվի, և նրա սերը մեր մեջ կատարյալ կդառնա» (Ա Հովհ. 4:12):

Ուրեմն՝ որպես քրիստոնյաներ դադարենք այլևս մտածել, թե ինչպես և ինչ պիտի անենք, որպեսզի տեսնենք Աստծուն: Նրան տեսնելու, ներկայությունը զգալու համար պետք է հետևենք միայն մի կարևոր խորհրդի, որը մեր մեջ բնակվում է Աստծո շնորհիվ և որը հենց ինքը՝ Աստված է՝ Սերը:

Պահպանենք մեր մեջ Սերը և գիտակցենք, որ դա է միակ ճանապարհը, որով ի վերջո կմոտենանք, կբացենք մեր հոգու աչքերն ու կտեսնենք Աստծուն:

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս