«Տիկի՛ն, շնորհակալ եղեք, որ Տարոնին մեդալ է շնորհվել, քո տղայից լավ տղաներ էլ են զոհվել»․ սպան՝ զոհվածի մորը

Արցախյան վերջին պատերազմում զոհված 24-ամյա Տարոն Գիվարգիզյանի մայրը՝ Լաուրա Սարգսյանը, 168.am-ի հետ զրույցում իր վրդովմունքը հայտնեց օրեր առաջ իրենց հետ կատարվածի վերաբերյալ։ Բանն այն է, որ զոհվելուց 10 ամիս անց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից Տարոնին հետմահու «Մարտական խաչ» շքանշան է շնորհվել, և նրա ծնողներին հրավիրել են, որպեսզի շքանաշանը հանձնեն, սակայն տիկին Լաուրան առաջարկել է, որ ոչ թե իրենք գնան որդու շքանշանը ստանալու, այլ համապատասխան աշխատակիցներն այն տանեն և հանձնեն իրենց։

«Օգոստոսի 19-ին, երբ ինձ զանգեցին և ասացին՝ եկեք, որ Արայիկ Հարությունյանը պետք է հանձնի շքանշանը, ես նեղվեցի, ասացի՝ այսինքն՝ դուք հարկ չե՞ք համարում պատվել զոհվածին, հիշատակի տեղ կա, որտեղ կարող եք հարգանքի տուրք մատուցել և շքանշանն այնտեղ հանձնեք։ Սպան ինձ պատասխանեց՝ Արայիկ Հարությունյանը չի կարող, ժամանակ չունի, ասացի՝ ժամանակ չունի, ունեն համապատասխան մարմիններ, որոնք երևի կես ժամ ժամանակ կգտնեն»,- պատմեց զոհված Տարոն Գիվարգիզյանի մայրը, ապա հավելեց, որ սպան, որը պետք է շքանշանն իրենց հանձներ, մի քանի օր հետո իրենց ասել է՝ եկեք, «Աշխարհազորային կամավորական ջոկատներ» ՀԿ-ից վերցրեք շքանշանը։

«Այդ սպան շատ վատ վարվեց մեզ հետ․․․ Մենք սպասում էինք, որ օգոստոսի 23-ին պետք է լիներ շքանշանի հանձնման արարողությունը։ Որոշել էինք՝ Տարոնիս մոտ, նրա շիրիմին, հանձնեն այդ շքանշանը, հոգևորական ու լրագրողներ էինք հրավիրել, որ այդ արարողությունը օրհնվի ու լուսաբանվի, բայց Տարոնի հրամանատարը՝ Ավետիքը, զանգահարեց և ասաց, որ չեն կարող շքանշանը բերել, քանի որ Արցախ է գնալու։ Ասաց, որ շքանշանը կարող է Տարոնի մարտական ընկերը՝ Տիգրանը, մեզ փոխանցի, ես էլ ահավոր վիրավորվեցի, ասացի՝ այդպես լավ չի, դրեք տաքսու մեջ, այդպես ուղարկեք»։

Տիկին Լաուրան ասաց, որ իր այս խոսքերից հետո Տարոնի հրամանատարը շատ կոպիտ հակադարձել է։

«Ասաց՝ տիկի՛ն, շնորհակալ եղեք, որ Տարոնին մեդալ է շնորհվել, քո տղայից լավ տղաներ էլ են զոհվել»,- պատմեց տիկին Լաուրան, ապա հավելեց, որ այդ զանգից հետո տեղեկացել են, որ շքանշանն ուղարկել են ՊՆ, և հայտնի չէ, թե երբ են այն հանձնելու իրենց։

Զոհված Տարոն Գիվարգիզյանի մոր խոսքով՝ ռազմաճակատում, երբ ԱԹՍ-ի հարվածից Մասիվի ջոկատի տղաները զոհվել են, այդ թվում՝ իր որդին, հրամանատարը նրանց հետ չի եղել, և ինքը կասկածներ ունի, որ հենց շքանշանը հանձնելուց հրաժարված սպան պետք է նրանց հետ լիներ․

«Ես ամեն ինչ անելու եմ, որ բացահայտվի, թե ինչպե՞ս է ստացվել, որ տղաների հետ հրամանատար չի եղել․․․»։

Հիշեցնենք, որ 24-ամյա Տարոն Գիվարգիզյանը Երևանից էր, պատերազմ էր մեկնել սեպտեմբերի 29-ին, մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 29-ին, զոհվել է։

Ապրիլի 10-ին Նոր Նորքի 1-ին զանգվածում՝ Սուրբ Աստվածամայր եկեղեցու հարևանությամբ, տեղի ունեցավ Տարոն Գիվարգիզյանի հիշատակին նվիրված աղբյուրի բացման արարողությունը։

Տեսանյութեր

Լրահոս