Այսինքն, մեր շենքը, պատերն իր գովազդի համար օգտագործի, փողը մեզ չտա, հայհոյանքներ հնչեցնի, մի հատ էլ մեր դեմ բողոք գրի՞. «Նաիրի կինոթատրոն» ՍՊԸ փաստաբանը՝ հանդիսատեսի մուտքն արգելելու մասին
«Նաիրի» կինոթատրոնի ֆեյսբուքյան էջն օգոստոսի 26-ին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Սիրելի՛ հանդիսատես,
Այսօր առավոտյան սեփականատիրոջ՝ Սմբատ Նասիբյանի կողմից անօրինական փակվել են Նաիրի կինոթատրոնի մուտքի դռները և հանդիսատեսն ու աշխատակիցները չեն կարողացել մուտք գործել շենքի տարածք: Նշված հանցագործության փաստի առթիվ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ոստիկանության բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Արդեն ամիսներ շարունակ Սմբատ Նասիբյանն ամեն գնով փորձում է խոչընդոտել կինոթատրոնի բնականոն աշխատանքը: Մինչ այս ամենը փակել է տվել ելքի դռները՝ թույլ չտալով հանդիսատեսին օգտվել զուգարաններից: Անօրինական և ծիծաղելի պահանջ է ներկայացրել դատարան, թե կինոդահլիճի նստարաններն ու պատերի մեջի դինամիկները պայմանագրի մեջ նշված չեն, կարծես թե հանդիսատեսը պետք է գետնին նստեր: Եվ ամենակարևոր ու անհասկանալի արարքը, որն այս անձի մասին շատ լուրջ մտածելու առիթ է տալիս՝ հանել է տվել մինչ այդ կինոթատրոնի տանիքին տեղադրված Հայաստանի Հանրապետության պետական դրոշները: Նաև տարիներ շարունակ տարբեր անհիմն պատճառներով մերժել է շենքը ամբողջությամբ տալ վարձակալության, և մեր սիրելի հանդիսատեսը չի կարողացել օգտվել հիմնական նախասրահից և երկրորդ դահլիճից: Իհարկե, այս ամենի գլխավոր պատճառներից մեկն այն է, որ իր իսկ խոստովանությամբ՝ Սմբատ Նասիբյանը չի ուզում, որ Նաիրի կինոթատրոնի շենքն աշխատի որպես կինոթատրոն: Երևի ռեստորան կամ բրենդային մոլ է ուզում դարձնել: Կարծում ենք, որ հայ ժողովուրդը թույլ չի տա»:
«Նաիրի կինոթատրոն» ՍՊԸ փաստաբան Արսեն Մկրտչյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ շենքի տարբեր հատվածներ տարբեր անձանց վարձակալության են տրված:
«Կինոթատրոնի մի դահլիճը «Արյան» ՍՊԸ-ին է տրված: Ընկերության տնօրենը Հենրի Քոչարյանն է: Քիչ է, որ վարձը չեն վճարում, մի բան էլ՝ առանց վարձակալության պայմանագրի կինոթատրոնի այլ հատվածներ է զավթել և ապօրինի օգտագործում է, մյուս վարձակալներին ասում է՝ դուք այստեղից պետք է դուրս գաք, ես եմ սրա տերը: Դրանից բացի, շենքն է փչացնում, հակահրդեհային անվտանգության կանոնները չի պահպանում: Առանց պայմանագրի տնօրինում և օգտագործում է «Նաիրի» կինոթատրոնի սեփականատիրոջ տեխնիկական միջոցները, դա քիչ է՝ պատերն է փչացնում: Բացի այդ, կինոթատրոնի գլխավոր մուտքի դռան փականները փոխել էին, ու մյուս վարձակալները չէին կարողանում մտնել:Եվ տևական ժամանակ, երբ սկսեցին վարձը չվճարել՝ որոշում կայացվեց, որ այլևս շենք չթողնենք մուտք գործեն: Իրենց՝ շենք մտնելու անհրաժեշտությունն էլ չկա, քանի որ ընկերության գույքի վրա հարկադիր կատարողի կողմից արգելանք է դրված: Սակայն երբ դրամարկղի վրա արգելանք էր դրվում, իրենց հայտարարեցին, թե իրենք այստեղ գույք չունեն, հետո եկան, թե՝ իրեր են մոռացել»,- մանրամասնեց «Նաիրի կինոթատրոն» ՍՊԸ–ի փաստաբանը:
Նա տեղեկացրեց նաև, որ տնօրենի նկատմամբ կա հարուցված քրեական գործ, որի շրջանակներում միջնորդություն է ներկայացրել քննիչին, որպեսզի ընկերության ղեկավարին ենթարկեն դատահոգեբուժական փորձաքննության, որը չի մերժվել, ուղղակի հետաձգվել է, քանի որ տնօրենը հետախուզման մեջ է եղել:
Անդրադառնալով պնդումներին, թե սեփականատերը թույլ չի տվել հանդիսատեսին՝ օգտվել զուգարանից, հանել է տվել մինչ այդ կինոթատրոնի տանիքին տեղադրված Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, Արսեն Մկրտչյանը նշեց.
«Սմբատ Նասիբյանն ընդամենը ՓԲԸ-ի սեփականատերն է և գործունեությանն ընդհանրապես չի խառնվում: Եթե այդ էջը վարելու իրավունքն ունենային, լավագույն դեպքում իրենք կարող էին գրել տնօրենի մասին: Նասիբյանը տնօրենը չէ: Իսկ այն, որ չեն թողնում մնացած տարածքներից օգտվեն, ասեմ, որ օգտվել են ավելի շատ տարածքներից, քան վարձակալել են: Ինչո՞ւ պետք է օգտվեն մի տարածքից, որի համար վարձ չեն վճարում: Եվ, երբ մարդը գրում է «Նաիրի» կինոթատրոն ֆեյսբուքյան էջ, նա կինոթատրոնի դահլիճի վարձակալն է, կինոթատրոնի հետ առնչություն չունի:
Երկար ժամանակ օգտագործել է իրեն չպատկանող տեխնիկական միջոցներ, փչացրել է պատերը, ճակատային մասում անօրինական, 40 մետր տարածքում պաստառ է փակցրել, որի իրավունքը չունի: Օգտագործել է նաև շենքի դիմացի գովազդային բաներները: Ու, երբ գրավոր զգուշացնում ենք, որ եթե ուզում է օգտագործել, թող պայմանագիր կնքի, դրան չի պատասխանում, իսկ պաստառը հանելու համար ոստիկանություն հաղորդում է ներկայացնում, թե ինքնիրավչություն են արել: Ինչ վերաբերում է դրոշին, ապա դրա տեղակայումը պետք է կատարվի «Դրոշի մասին» օրենքով, քաղաքապետարանի թույլտվությամբ, իսկ նման թույլտվություն սեփականատերը չունի»:
Հարցին, թե որքա՞ն է կազմում պարտքի չափը, փաստաբանը պատասխանեց, որ «Քաղաքացիական օրենսգրքով» նախատեսվածից ավելի է, որը թույլ է տալիս պայմանագրային հարաբերությունը միակողմանի լուծել:
«Դատարանում երկու հայց կա, որից մեկը պայմանագիրը լուծելն է, մյուսը՝ գույքն ապօրինի տիրապետումից ազատելը: Եվ հիմա, քանի որ վտանգ կա՝ մարդկանց կյանքի հետ կապված. հակահրդեհային կանոնները ընկերությունը չի պահպանել, դիմակների կրման պարտադիր պահանջը՝ ևս, հոսանքի օգտագործման համար առանձին բաժանորդ չի դարձել, նրանց մուտքն արգելել ենք: Մարդիկ մեզ գրում են՝ ասելով, թե ինչո՞ւ եք ձեր հեռախոսն անջատել, բա ես այսքան ժամանակ է՝ օգտվում եմ դրանից: Ախր, դու հեռախոսից օգտվելու պայմանագիր չունես: Այսինքն, մեր շենքը, պատերն իր գովազդի համար օգտագործի, փողը մեզ չտա, հայհոյանքներ հնչեցնի, մի հատ էլ մեր դեմ բողոք գրի՞: Ուստի մեր ու այլոց կյանքի համար ռեալ վտանգ ենք տեսնում՝ այդ մարդուն շենք թողնելուց»,- ասաց Արսեն Մկրտչյանը:
Փաստաբանը հայտնեց, որ վերջին պայմանագիրը կնքվել է երկու տարի ժամկետով, պետք է ավարտվեր 2022 թվականի ամռանը:
Փորձեցինք կապ հաստատել նաև կինոթատրոնի վարձակալի հետ, սակայն «Նաիրի» կինոթատրոն ֆեյսբուքյան էջում նշված բջջային հեռախոսահամարի զանգերին այդպես էլ պատասխանող չեղավ:
Ի դեպ, ԿԳՄՍՆ-ից մեզ փոխանցեցին, որ «Նաիրի» կինոթատրոնի հետ ԿԳՄՍՆ-ն որևէ առնչություն չունի: