«Երեկ երեկոյան ժամը 23:00-ից ճանապարհը փակել են, ու մինչև այժմ փակ է». Որոտանի բնակիչը՝ Գորիս-Կապան փակ ճանապարհի մասին

Արդեն  հաստատվել են տեղեկությունները, որ օգոստոսի 25-ի երեկոյան թշնամին փակել էր Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհը՝ հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաներից պահանջելով այլ ճանապարհ գտնել երթևեկության համար:

168.am-ը երեկ երեկոյան կապ էր հաստատել Դավիթ Բեկ գյուղի ղեկավար Բենիամին Պողոսյանի հետ՝ հետաքրքրվելով, թե ինչ իրավիճակ է ճանապարհի այդ հատվածում։ Նա փոխանցել էր, որ իրենք էլ հստակ որևէ բան չգիտեն, երբ ամեն ինչ հստակեցվի, այդ ժամանակ կկարողանա բոլոր հարցերին պատասխանել:

168.amը առավոտյան կրկին կապ հաստատեց Բենիամին Պողոսյանի հետ, վերջինս ասաց, որ որևէ բանից տեղյակ չէ:

«Առայժմ եկեք ես որևէ հարցի չպատասխանեմ, առայժմ ասելու բան չունեմ՝ ճանապարհը փակ է»,- ասաց Դավիթ Բեկի գյուղապետը:

Որոտան համայնքի բնակիչ Սեյրան Օհանջանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին Գորիսում է՝ չգիտի՝ ինչ իրավիճակ է գյուղում:

«Գիտեմ, որ այդ ճանապարհը փակ է, երեկ երեկոյան ժամը 23:00-ից ճանապարհը փակել են, ու մինչև այժմ փակ է: Բանակցել են, որ պետք է բացեն, թե ինչ կպատասխանեն ու ինչ կլինի՝ չգիտեմ»,- ասաց Սեյրան Օհանջանյանը:

Ըստ Ճակատենի գյուղապետ Արա Հարությունյանի, այս պահին Ճակատենի ճանապարհը բաց է, գյուղում իրավիճակը նորմալ է:

«Հիմա ճակատենից եմ իջնում, ամեն ինչ նորմալ է, քիչ հետո նորից վերադառնալու եմ, այդ բաներից տեղյակ չեմ»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք՝ մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են։

Հիշեցնենք նաև՝ Արցախի 44-օրյա պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց Արցախի 75 տոկոսը հանձնելու փաստաթուղթը, որտեղ որևէ կետ ներառված չէր հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ, Փաշինյանի և Պաշտպանության նախարարի լուռ համաձայնությամբ թշնամուն հանձնվեցին նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր շահեկան դիրքերը, որի արդյունքում մի շարք գյուղեր պարզապես հայտնվեցին թշնամու թիրախում։

Տեսանյութեր

Լրահոս