Բաժիններ՝

Լվա՛ ինքդ

Մտահոգ ու ընկճված եմ․ հայացքս գետնին հառած եմ քայլում, ուզում եմ ոչինչ չնկատել։ Անհանգիստ է իմ ներսը իմ այգին փչացնող մոլախոտերի համար, այն ամբողջ աղբի համար, որ կրում եմ։ Ինձ այս պահին թվում է՝ ես միակն եմ այսչափ վնասված, այսչափ անմաքրությամբ լի։ Գրեթե հուսահատ եմ, չգիտեմ՝ ինչ հրաշք պիտի լինի, որ մաքրվեմ, որ տարիներով հետս կրած բեռները կարողանամ բաց թողել, որ նորից երեխայի պես մաքուր լինեմ, ներեմ, ամուր լինեմ։ Այս ամենի մասին եմ մտածում, երբ հանկարծ մի պահ գլուխս բարձրացնում եմ ու նկատում անմիջապես իմ առաջ կախված ցուցանակը՝ «Լվա՛ ինքդ»։

Չեմ կարողանում չժպտալ Աստծո կատակից․ Նա նորից խոսում է ինձ հետ՝ միայն Իրեն բնորոշ նուրբ հումորով, գեղեցիկ պատահականությամբ, խորը իմաստությամբ, ճշմարիտ խորհրդով։ Պիտի ինքս լվանամ իմ ներսը, ոչ մեկը դա չի անի իմ փոխարեն։ Պիտի ինքս աշխատանք տանեմ, մեծ ու լայնածավալ աշխատանք, ամենօրյա աշխատանք, բայց ես մենակ չեմ այս գործում, ինձ հետ է Նա, որ խոսում է հետս անգամ ավտոլվացման մասին ցուցանակներով։ Դուք ևս մենակ չեք, դուք, որ ուզում եք ազատվել անցյալի ծանր բեռից, վերքերից, անհանգստություններից, տագնապներից, անսերությունից, աղբից, մոլախոտերից, մենակ չեք․․․

Երբ ասում ենք՝ Աստված ամենուր է, ի՞նչ ենք հասկանում։ Որ Նա մեզ հսկո՞ւմ է, որ տեսնում է մեր մեղքը, սխալը, և մենք պիտի վախենանք ու ամաչե՞նք։

Երբ ասում եմ՝ Աստված ամենուր է, ես տեսնում եմ Նրա հետքը և Սուրբ ներկայությունն ամեն մարդու մեջ։ Տեսնում եմ Նրան ամեն տերևի մեջ, ջրի խշշոցի, մայրամուտի արևի և այն տարիքն առած հավաքարար կնոջ մեջ, որը խնջույքից հետո մաքրում է մարդկանց թողած աղտոտությունները: Ես տեսնում եմ Աստծուն բոլոր երեխաների մեջ, ամեն հատիկ քարի մեջ, ամեն գեղեցիկ պատահականության մեջ։ Նա հսկող չէ, մեղադրող չէ, սխալը մատնացույց անող չէ, այլ կատարյալ հոգատարություն, ներողամտություն ու սեր։

Եվ մենք ստեղծված ենք Նրա նմանությամբ։

Երբ ասում ենք, որ Աստված մարդուն Իր պատկերով ու նմանությամբ ստեղծեց, մարդկանց մեծ մասը կարծում է՝ Աստված ևս ունի դեմք, ծեր պապիկ է՝ ամպերի մեջ նստած, հսկում է մարդկանց։ Բայց Աստծո նմանությամբ ստեղծված լինելը ենթադրում է մի բան՝ մենք արարող ենք, ստեղծող։ Սա ամեն մարդու բնույթն է ի սկզբանե։ Նայեք նորածիններին՝ ամեն ինչի պատրաստ, ամեն ինչ սովորելու ունակ, բաց, հինգ տարեկան երեխաներին նայեք, որ ինքնամոռաց խաղում են հողերի ու ավազների հետ, աշխարհներ կերտում․ Աստված այնտեղ է՝ նրանց մեջ։ Կարո՞ղ ենք մենք մեզ թույլ տալ այդ շռայլությունը՝ վերադառնալու Երկնքի արքայություն, նորից դառնալու մաքուր երեխա՝ ստեղծագործ, վեհ, մեծ հույսերով, ամեն բանի համար հավատ ունեցող, վստահող ու փխրուն, աստվածային ու լուսե․․․ Լվա՛ ինքդ։

Համատարած ատելությունն ու անվստահության մթնոլորտը մեծագույն խնդիրներից է մեր ներկա իրականության մեջ։ Մենք խավարի մեջ ենք, որովհետև ատում ենք իրար, չենք կարողանում ընդունել միմյանց տարբերությունները, չենք կարողանում հասկանալ մի պարզ ճշմարտություն՝ մեր ներսի ստահակը ցածր կամ բարձր չէ մեր դիմացինի ներսի ստահակից, և մեր ներսի Աստված ցածր կամ բարձր չէ դիմացինի ներսի Աստծուց։

Չկա ամբողջապես կորուսյալ մարդ, ամբողջապես մեղավոր մեկը, որովհետև այդ մարդու մեջ ևս դեռևս ապրում է հինգ տարեկան երեխան՝ հողերի հետ խաղացող, մաքուր ու վսեմ։

Պարզապես ամեն մեկս ունենք միևնույն խնդիրը՝ գտնելու այդ երեխային, սեր տալու այդ երեխային ու խնդրելու նրանից, որ մեզ ցույց տա ճանապարհը։

Եթե մենք կարողանանք յուրաքանչյուր մարդու ներսում տեսնել այդ փոքրիկին, եթե մենք կարողանանք յուրաքանչյուր մարդու վերաբերվել որպես Աստծո նմանությամբ ստեղծված էակի, եթե մենք ամեն մարդու մեջ կարողանանք Աստծո հոգատար ներկայությունը տեսնել, մենք չենք կարողանա չարանալ և ատել միմյանց: Կիջեցնեք մեր ուսերից ներած չլինելու ծանրագույն բեռը, կկարողանանք մաքրել մեր հոգին աղտեղությունից ճիշտ այն հավաքարար կնոջ պես, որ խոնարհությամբ հավաքում է ուրիշի թափածը, լվանում է այն, ինչն ինքը չի կեղտոտել։ Ու թող այս ճանապարհին մեզ աջակից լինի Տերը՝ Իր նուրբ հումորով, անվերջ հոգատարությամբ ու երկնային սիրով։ Ամեն։

Անժելա ՊՈՂՈՍՅԱՆ

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս