Բաժիններ՝

Գեղարքունիքում անասնակերի և հացահատիկի բերքահավաքը շարունակվում են շատ ցածր արդյունքներով

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում անասնակերի եւ հացահատիկի բերքահավաքը շարունակվում է բավականին մտահոգիչ արդյունքներով։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մաևրզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից, 2021 թվականի օգոստոսի 16-ի դրությամբ Գեղարքունիքում առկա 10 հազար 500 հեկտար աշնանացանից հնձվել է մոտ 9 հազար հեկտարը։

Հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 8-9 ցենտներ։13 հազար հեկտար գարու արտերից հնձվել է մոտ 8 հազար հեկտարը՝ 7-7,5 ցենտներ միջին բերքատվությամբ։ Նույն օրվա դրությամբ մարզում կուտակվել է մոտ 62 հազար տոննա խոտ, 7 հազար տոննա ծղոտ։ «Անբավարար են բոլոր արդյունքները։ Մի քանի անգամ պակաս է ստացվում թե՛ հացահատիկը, թե՛ անասնակերը։ Մայիս-հունիս ամիսների երաշտը թողեց իր վնասակար ազդեցությունը։ Հացահատիկի արտերի մի մասը չի էլ հնձվել՝ չհասկակալվելու կամ բավարար աճ չունենալու պատճառով։ Լավ կամ բավարար արդյունք են ապահովել այն արտերը, որտեղ կիրառվել է ցանքաշրջանառություն կամ ոռոգում։ Սակայն ընդհանուր արդյունքում գործ ունենք սպասվածից մի քանի անգամ պակաս թվերի հետ։ Անմխիթար է նաեւ անասնակերի բերքահավաքի վիճակը։ Շատ խոտհարքեր հնձվելու ենթակա չեն եղել։ Եթե խոսենք թվերի լեզվով, ապա պիտի ասենք, որ մարզում ձմեռացման ենթակա 47 հազար 900 կովերի եւ 69 հազար մայր ոչխարների, 1600 ձիերի գլխաքանակի պահպանման համար անհրաժեշտ կլինի կուտակել մինչեւ 110 հազար տոննա խոտ, մինչդեռ այս պահի դրությամբ կուտակված է համարյա կիսով չափ։

Տնտեսությունները փորձում են բացը լրացնել բոլոր հնարավոր միջոցներով, մինչեւ իսկ գործարարների կողմից սպասվում է խոտալյուրի ներկրում Ռուսաստանի Դաշնությունից։ Մարդիկ հնձում են նույնիսկ դժվարամատչելի տեղերը, որտեղից հնարավոր է բերք ստանալ, Հայաստանի այլ մարզերից են խոտ ներկրում թանկ գներով, միայն թե կարողանան ձմռանը պահպանել անասնագլխաքանակը։ Եթե բավարար չափով չապահովվի անասնակերը, ձմեռացման շրջանում Գեղարքունիքում կսպասվի անասնագլխաքանակի կրճատում՝ մինչեւ 20 տոկոսի չափով»,-ներկայացրեց Մարտին Պետրոսյանը։

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս