«Ամեն ինչ քողարկում են, մարդկանց ուշադրությունն Արցախից շեղում են». Աշոտ Սևյան

Ազատամարտիկ Աշոտ Սևյանը՝ հայտնի Չարեքթարցի Աշոտը, այսօր առհասարակ չի հետևում ՀՀ կառավարության գործունեությանը, չի հետևել նաև օգոստոսի 18-ին հրապարակված Կառավարության ծրագրին, քանի որ չի հավատում, որ այնտեղ Արցախի համար որևէ շահեկան կամ լավ բան գրված կլինի։

«Ես միշտ էլ ասել եմ, որ այս կառավարությունը, իշխանությունը եկել է Արցախը կործանելու, ու մարդիկ կործանում են։ Այսօրվա դրությամբ նայեք ու տեսեք, ինչ կատարվում է Հայաստանում, նույն քաղաքականությունը վարվել է Արցախի շուրջ մինչև 44-օրյա  պատերազմը, այսօր սրանք նույնը ձգտում են անել Հայաստանում, որպեսզի Արցախի հարցը փակվի։ Ամեն ինչ քողարկում են, մարդկանց ուշադրությունն Արցախից շեղում են, բերում են Հայաստան, նույն իրավիճակում է հայտնվելու Հայաստանը, ինչպես եղել է Արցախը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Սևյանը՝ անդրադառնալով Կառավարության ծրագրում առկա անվտանգության վերաբերյալ դրույթներին, ինչպես նաև այսօր թե Արցախի, թե Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակին։

Նրա խոսքով՝ օգոստոսի 19-ին Սյունիքի մարզի դիրքերից մեկում հայտնաբերված երեք ժամկետային զինծառայողների դիերի վերաբերյալ կանխամտածված ապատեղեկատվություն տարածեցին, որպեսզի ծնողների բնազդի վրա ազդեն և առաջ տանեն հայկական բանակը ոչնչացնելու ծրագիրը։

«Այժմ Արցախից երեք ծնողների հետ գալիս ենք Հայաստան, երեքն էլ ասում են՝ իրենց երեխաներին թույլ չեն տա, որպեսզի գնան ծառայեն, ինչը հենց իշխանության կողմից տարածվող ապատեղեկատվության արդյունքն է։ Ասում են՝ բանակի թիվը պետք է կրճատենք, սահմանները պետք է պահեն սահմանապահ ուժերը, ինչ այսօր իշխանությունը անում է, տանում  է դեպի 44-օրյա պատերազմի ծրագրին, այս մարդիկ առհասարակ փակել են Արցախի հարցը, Արցախը կեսը նվիրել են թուրքին, կեսը՝ ռուսին։ Իրենք այլևս Արցախով չեն հետաքրրքվում, հիմա զբաղվում են Հայաստանի հարցով, որը նույն վիճակին են տանում»,- հավելեց Աշոտ Սևյանը։

Ինչ վերաբերում է  Չարեքթարին, Աշոտ Սևյանն ասաց, որ այժմ այնտեղ ընթանում է հէկ-երի շինարարություն, մինչդեռ դրա փոխարեն՝ կարող էին տները վերանորոգել, որպեսզի չարեքթարցիները վերադառնային։

«Եթե այսօր Արցախի իշխանությունը հնարավորություն ուներ հէկ-եր կառուցեր, պետք է դրանից առաջ մարդկանց տները վերանորոգեր։ Միլիոնավոր դոլարներ են ծախսում իմ պահած դիրքերից մինչև Գետավան հէկ-եր են կառուցում։ Իհարկե, հասկանում ենք, որ դրանք էլ են մեզ պետք, որովհետև արդեն լույսի խնդիր ենք ունենալու։ Խնդիրն այն է, որ Չարեքթարում դեռ որևէ տուն կանգուն չէ, իսկ եթե չկա, բնակչությունը չի կարող ապահով լինել։ Ռուսների հետ երբ խոսում եմ, ասում են՝ եղբայր, գանք ի՞նչը պահենք, ձեր քանդած պատե՞րը, եկեք ապրեք։ Պետականորեն պետք է մտածեին, որպեսզի չարեքթարցիները վերադառնային։ Ինքս այսօր ի վիճակի եմ տուն վարձել, որպեսզի իմ ընտանիքը մնա Երևանում, մինչև տունս վերանորոգեմ, իսկ մնացածն ի՞նչ անեն»,- շեշտեց Աշոտ Սևյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ Չարեքթարում իր տունը չէր այրել, ոչ էլ քանդել էին ու թալանել, պատերազմի օրերին այն իրենց համար դարձել էր «կազարմա», իր տունը քանդել է Արցախի կառավարությունը։

«Պատերազմից հետո տունս քանդեցին, անուն դրեցին, իբր թե վերցնում են ու բոլորին միանման տներ սարքեն։ Իմ տունը պետք չէր քանդել, ես իրենցից որևէ բան չէի ուզում, իրենք են որոշել քանդել ու չեն էլ սարքել։ Այսօր չկա տուն, որ մարդ գա մտնի ու ապրի։ Այսօր չարեքթարցիները սպասում են, որ իրենց տները կվերականգնվեն, ու իրենք գալու են ապրեն։ Շատ խնդիրներ կան, օրինակ, անվտանգության խնդիրը, որևէ մեկը չի երաշխավորում, թուրքը 100 մետր այն կողմ կանգնած է։ Մարդիկ հնարավորություն չունեն ապրելու»,- եզրափակեց Աշոտ Սևյանը։

Տեսանյութեր

Լրահոս