Չնայած անձեռնմխելիության նոր կարգավիճակին, դատախազությունը մերժեց մեր բողոքը. Արթուր Սարգսյանի պաշտպան
Սիսիանի նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանը՝ ԿԸՀ-ից պատգամավորական մանդատ ստացած, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր է, բայց շարունակում է կալանավորված մնալ: Թե՛ Սարգսյանի պաշտպանը, թե՛ «Հայաստան» խմբակցությունը պնդում են, որ պատգամավորի անձեռնմխելիությունը պատշաճ կարգով հաղթահարված չէ, և «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու լինելու ընթացքում Արթուր Սարգսյանին կալանավորելու համար ԿԸՀ-ի տրամադրած թույլտվությունը չի կարող հիմք դառնալ Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար:
168.am-ի հետ զրույցում Արթուր Սարգսյանի պաշտպան, փաստաբան Էմին Խաչատրյանը հայտնեց, որ հենց նոր կարգավիճակ ստանալու հիմքով Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացնելու միջնորդությունը դատախազությունը մերժել է:
«Գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից մեր միջնորդությունը, ըստ մեզ, հանիրավի ու անհիմն մերժվել է, որոշումը բողոքարկել ենք դատական կարգով: Ոչ թե մենք իրենց ուղղություն էինք ցույց տալիս, թե ինչ պետք է անեն, այլ մենք ասում էինք, որ անձեռնմխելիության նոր կարգավիճակ է ձեռք բերել մեր պաշտպանյալը, այդ հիմքով խափանման միջոց կալանավորումը վերացրեք: Թե հետո իրենք ինչ կանեին, մենք այդ դաշտ չէինք մտել, չենք էլ ցանկանում իրենց ուղղություն ցույց տալ, թե ինչ եղանակով իրենց լիազորություններն իրականացնեն:
Բայց մենք գտնում էինք ու հիմա էլ ենք գտնում, որ անձը Ազգային ժողովի պատգամավորի մանդատը ստանալուց և այդ պաշտոնը փաստացի ստանձնելուց հետո անձեռնմխելիության նոր կարգավիճակ է ձեռք բերում, որը հաղթահարված չէ: Այդ մասով ենք միջնորդությունը ներկայացրել, որ հաշվի առնելով այդ հանգամանքները և հաշվի առնելով, որ նոր կարգավիճակ կա, և անձեռնմխելիությունը հաղթահարված չէ, խնդրել էինք, որպեսզի անհապաղ ազատ արձակվի պարոն Սարգսյանը: Բայց այնուամենայնիվ դատախազությունը անդրդվելի գտնվեց և ինչ-որ անհիմն պատճառաբանություններով մերժեց մեր միջնորդությունը»,- ասաց Էմին Խաչատրյանը:
Փաստաբանի փոխանցմամբ՝ դատախազության որոշման դեմ ներկայացրած բողոքը մակագրվել է Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին, դատական նիստի օր դեռևս նշանակված չէ:
Փաստաբանն Արթուր Սարգսյանին կալանավորելու Ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ նաև վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Ու ինչպես Սյունիքի մյուս կալանավորված համայնքապետերի դեպքում՝ բողոքը մերժվել էր:
«Արդեն հանրահայտ փաստ է, որ համակարգիչներն առգրավված են, մակագրությունը տեղի է ունենում ձեռքով՝ դատարանի նախագահի կողմից, ու զավեշտի հասնող մակագրություն տեղի ունեցավ, դատարանի նախագահը պատահականության սկզբունքը կամ օրենքով սահմանված կարգը՝ այբբենական սկզբունքը չպահելով, վերաքննիչ բողոքի միամիտ մակագրեց ինքն իրեն և, բնականաբար, շատ անհիմն որոշմամբ մերժեց մեր բողոքը: Հիմա արդեն մենք պատրաստում ենք վճռաբեկ բողոքը, որը մոտ օրերս մուտք կանենք Վճռաբեկ դատարան»,- ասաց Էմին Խաչատրյանը: