
Անջելինա Ջոլին կօգտագործի Instagram-ի հարթակն Աֆղանստանում մարդու իրավունքների վրա ուշադրություն սևեռելու համար

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի, Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Անջելինա Ջոլին գրանցվել է Instagram սոցիալական ցանցում, որպեսզի այդ հարթակի միջոցով ներկայացնի Աֆղանստանում ստեղծված իրադրության պայմաններում այնտեղ բնակվողների պատմությունները:
«Հենց հիմա Աֆղանստանի ժողովուրդը կորցնում է սոցիալական ցանցերում ազատ շփվելու և ինքնարտահայտվելու հնարավորությունը: Այդ իսկ պատճառով ես եկա Instagram, որպեսզի կիսվեմ այն անձանց պատմություններով և ձայներով, ովքեր պայքարում են մարդու՝ իրենց հիմնարար իրավունքների համար»,- գրել է դերասանուհին:
Նա տեղադրել է աֆղանցի դեռահաս մի աղջկա նամակ, որտեղ ներկայացված են թալիբների գալով հասարակության մեջ առօրյա կյանքի փոփոխությունները:
Ջոլին կոչ է արել բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն ստեղծված իրադրության առնչությամբ, աջակցել Աֆղանստանի ժողովրդին:
Դերասանուհին Instagram-ում արդեն ունի 4.5 մլն հետևորդ: