Թալիբների կողմից Քաբուլ մտնելուց հետո շուրջ 12 000 մարդ լքել է Աֆղանստանը
Ծայրահեղական «Թալիբան» շարժման ներկայացուցիչների կողմից օգոստոսի 15-ին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ մտնելուց ի վեր երկիրը լքել են շուրջ 12 հազար օտարերկրացիներ և Աֆղանստանի քաղաքացիներ, ովքեր աշխատել են դեսպանատներում և միջազգային մարդասիրական կազմակերպություններում: Այս մասին Reuters-ին հայտնել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը:
«Տարհանման գործընթացը դանդաղ է ընթանում, քանի որ դա ռիսկային է, մենք չենք ցանկանում օդանավակայանի սահմաններից դուրս որևէ բախում թալիբների կամ խաղաղ բնակչության հետ»,- ասել է ՆԱՏՕ-ի անանուն աղբյուրը:
«Թալիբան» շարժման զինյալներն օգոստոսի 15-ին առանց մարտերի մտան Քաբուլ և մի քանի ժամվա ընթացքում վերահսկողություն հաստատեցին մայրաքաղաքի նկատմամբ: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հայտարարեց, որ լքում է երկիրը՝ թույլ չտալու արյունահեղություն:
Արևմտյան երկրների ներկայացուցիչները սկսեցին տարհանել այդ երկրում բնակվող իրենց քաղաքացիներին ու դեսպանատների աշխատակիցներին: