«Կալանք տվող դատավորների» մրցույթի հարցազրույցի փուլը կմեկնարկի օգոստոսի 31-ից
Օգոստոսի 7-ին Բարձրագույն դատական խորհրդի շենքում (ԲԴԽ) կայացավ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժնի արտահերթ համալրման նպատակով անցկացված մրցույթի գրավոր փուլը:
Խոսքն իրավաբանական համայնքի շրջանակներում հայտնի, այսպես կոչված, կալանք տվող դատավորների ընտրության մասին է:
Մրցույթի գրավոր փուլից հետո թվով 15 մասնակիցներ բողոքարկել էին դրա արդյունքները, ինչի արդյունքում ևս 2 մասնակիցներ կմասնակցեն մրցույթի բանավոր փուլին:
Հիշեցնենք, որ գրավոր քննությունից ամենաբարձր միավոր ստացած դատավորների թեկնածուներն են՝ Առնոլդ Վարդանյան՝ 74, Արմեն Վարոսյան՝ 68, Գայանե Վարոսյան՝ 66 միավոր:
Ընդհանուր առմամբ գրավոր փուլը հաղթահարել է 23 մասնակից 50-ից:
Բարձրագույն դատական խորհրդի կայքից տեղեկացանք, որ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժինն արտահերթ համալրման նպատակով անցկացվելիք հարցազրույցի փուլը մեկնարկում է 2021 թվականի օգոստոսի 31-ի ժամը 10։00-ից` Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում: