«Կալանք տվող դատավորների» մրցույթի բանավոր փուլին կմասնակցեն 23 թեկնածուներ
Օգոստոսի 7-ին Բարձրագույն դատական խորհրդի շենքում (ԲԴԽ) կայացավ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժնի արտահերթ համալրման նպատակով անցկացված մրցույթի գրավոր փուլը:
Խոսքն իրավաբանական համայնքի շրջանակներում հայտնի, այսպես կոչված, կալանք տվող դատավորների ընտրության մասին է:
168.am-ը դեռևս օգոստոսի 4-ին գրել էր, որ հավակնորդների ցանկում են նաև Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արմաղանյանի որդին՝ Դավիթ Արմաղանյանը, ով լինելով փաստաբան և «Իմ քայլը» դաշինքի իրավախորհրդատու, ցույց էր անում՝ ընդդեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքից ազատ արձակման, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ նշանակված Տիգրան Սահակյանի որդին, այժմ քննիչ Վազգեն Սահակյանը և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի որդին` Աջափնյակի դատախազներից Միքայել Գրիգորյանը:
Հենց նշված 3 անձինք էլ մասնակցում էին մրցույթի գրավոր փուլին: Նրանցից, սակայն, միայն Դավիթ Արմաղանյանը հաղթահարեց այն:
Դատական համակարգում ասում են, որ հենց մեր հրապարակման արդյունքում է, որ երեքն էլ շռնդալից հաջողություն չեն գրանցել մրցույթի գրավոր փուլում:
Մրցույթի գրավոր փուլից հետո թվով 15 մասնակիցներ բողոքարկել էին դրա արդյունքները: Այսօր հրապարակված բողոքարկման արդյունքում ևս 2 մասնակիցներ՝ Հրաչ Դաջունցը և Բաղդասարյան Լիլիթը, կմասնակցեն մրցույթի բանավոր փուլին:
Հիշեցնենք, որ գրավոր քննությունից ամենաբարձր միավոր ստացած դատավորների թեկնածուներն են՝ Առնոլդ Վարդանյան՝ 74, Արմեն Վարոսյան՝ 68, Գայանե Վարոսյան 66 միավոր:
Ընդհանուր առմամբ գրավոր փուլը հաղթահարել է 23 մասնակից 50-ից: