Օտարերկրացի ուսանողները կկարողանան ուսումը շարունակել ռուսաստանյան բուհերում
Բոլոր երկրների օտարերկրացի ուսանողները կկարողանան վերադառնալ Ռուսաստան՝ ուսումը բուհերում շարունակելու համար: Այդ մասին հաղորդել են ՌԴ կրթության եւ գիտության նախարարությունում:
«Ռուսաստանի տարածք նոր կորոնավիրուսային վարակի ներբերումն ու տարածումը կանխելու հարցերով օպերատիվ շտաբը համաձայնել է թույլատրել մուտքը երկիր ուսումը շարունակելու համար: Ալգորիթմը՝ կանոնը, ըստ որի, օտարերկրացի ուսանողները կկարողանան ժամանել Ռուսաստան, արդեն մշակվել է կրթության եւ գիտության նախարարության կողմից եւ հաստատվելու է մոտ ժամանակներս»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ինչպես ճշտել են գերատեսչությունում, ալգորիթմը հաստատելուց հետո ռուսաստանյան բոլոր բուհերի օտարերկրացի ուսանողները հնարավորություն կստանան ժամանել, հաստատվել ուսանողական հանրակացարաններում եւ շարունակել ուսումը սովորական ձեւով:
«Գործնականում ռուսաստանյան բոլոր բուհերն ուսումնական տարին սկսում են ավանդական ձեւով: Մենք ԱԳ նախարարության եւ «Ռոսպոտրեբնադզոր»-ի հետ միասին դիմել ենք Օպերտիվ շտաբին՝ բացելու սահմանները արտասահմանյան բոլոր պետությունների ուսանողների համար:
«Մեզ աջակցել են»,- նշել է ՌԴ գիտության եւ բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովը, որի խոսքը մեջբերել են նախարարության մամուլի ծառայությունում:
Ֆալկովը պարզաբանել է, որ օտարերկրացի այն ուսանողների համար, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կկարողացել ժամանել Ռուսաստան, պայմաններ կստեղծվեն հեռահար ձեւաչափով ուսուցման համար: Խոսքն, այդ թվում՝ անհատական ուսումնական պլանների, լրացուցիչ պարապմունքների եւ այլ լուծումների մասին է, որոնք թույլ են տալիս որակյալ կրթություն ստանալ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: