Վրաստանում դպրոցների մանկավարժների 40 տոկոսը կորոնավիրուսի դեմ պատվաստում է ստացել

Վրաստանում դպրոցների մանկավարժների 40 տոկոսն արդեն ներարկվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով: Այս մասին հաղորդում են երկրի կրթության եւ գիտության նախարարությունում:

Ինչպես նշում են գերատեսչությունում, մինչեւ նոր ուսումնական տարվա սկսվելը երկրում պրոֆեսորների եւ ուսուցիչների մեծ մասը պատվաստում կստանան: Կրթության ոլորտի ներկայացուցիչների իմունացումն ակտիվորեն շարունակվում է:

Թբիլիսիում, Մցխեթում (Մցխեթ-Մթիանեթիի տարածաշրջան) եւ երկրի իմունացման բոլոր կենտրոններում կրթության ոլորտի ներկայացուցիչների համար հատկացվել են պատվաստման առանձին տարածքներ:

Նրանք կարող են ներկայանալ առանց նախնական գրանցման եւ պատվաստվել այն պատվաստանյութով, որը նախընտրում են:

Ավելի վաղ Վրաստանի հիվանդությունների եւ հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն կրթության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին հորդորել է պատվաստվել եւ նոր ուսումնական տարին դիմավորել պատրաստված: Ներկայում Վրաստանում համաճարակաբանական ծանր իրադրություն է, ինչի պատճառով նոր ուսումնական տարեշրջանի վերսկսումը դասարաններում հարցականի տակ է:

Համաճարակաբանների խոսքով՝ նրանք չեն կարողանա այդպիսի հանձնարարական տալ այն դեպքում, եթե իրադրությունը չբարելավվի եւ կորոնավիրուսի տարածման ցուցանիշները չնվազեն:

Մինչեւ 2020 թվականի աշնանը ուսումնական տարվա սկսվելը Վրաստանում գրանցված է եղել 2309 դպրոց, այդ թվում՝ 2086-ը՝ պետական եւ 223-ը՝ մասնավոր: Դրանցում աշխատանքի են տեղավորված եղել 62․699 ուսուցիչներ, հաղորդել է Sputnik-ը:

Տեսանյութեր

Լրահոս