«Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի մաս, սա բացառվում է». Իշխան Սաղաթելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ խորհրդարանում տեղի ունեցած փակ քննարկմանը՝ սահմանային իրավիճակի վերաբերյալ, որի նախաձեռնողը «Հայաստան» խմբակցությունն էր։ Նա նշեց, որ իրենց մտահոգությունները պայմանավորված են սահմանային իրավիճակի  լարվածությամբ։

«Արդեն քանի ամիս է, թշնամին երկու ուղղություններով ներխուժել է Հայաստանի սահմաններից ներս, այս ժամանակահատվածում ունեցել ենք գերիներ, զոհեր, երեկ ևս զոհեր ունեցանք։ Այս ամենի հետ կապված՝ «Հայաստան» խմբակցությունը պահանջել էր հանդիպում, որը տեղի ունեցավ։ Պարզապես այն տեղի է ունեցել փակ գաղտնի պայմաններում, շատ բաներ չեմ կարող ասել։ Ինչ վերաբերում է մեր մտահոգություններին, դրանք չեն կարող փարատվել, որովհետև գրեթե ամեն օր ունենում ենք զոհեր, կրակոցներ, և թշնամին շարունակում է  լինել ՀՀ տարածքում»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։

Ըստ  ԱԺ փոխխոսնակի՝ քննարկման ժամանակ հնչեցրել են բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները ստացել են, մի մասը եղել է տեղեկատվական, որոշ հարցեր էլ հասկանալի պատճառներով չեն մեկնաբանվել։

«Կարծում եմ՝ նման հանդիպումների անհրաժեշտություն մշտապես կա, ավելի բարձր մակարդակով պետք է լինեն այս հանդիպումները։ Մեր մնացած բոլոր մտահոգությունները՝ Արցախում ու Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակի վերաբերյալ, չեն փարատվել»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է Ալիևի հայտարարարությանը՝ Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» ճանաչման դիմաց՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, Իշխան Սաղաթելյանն ասաց, որ փակ քննարկման ժամանակ այդ հարցը չեն քննարկել։

«Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի մաս, սա բացառվում է։ Բնականաբար, օգտվելով իրավիճակից, թշնամի երկրի ղեկավարը փորձելու է ճնշումների միջոցով հասնել իր ուզածին։ Թշնամու ուզածն ու նպատակն ակնհայտ է, խնդիրն այն է, թե մենք ինչ ենք ուզում, ինչպես ենք այդ ամենին պատրաստվում, ինչպես ենք դիմագրավում, ինչ քայլեր ենք ձեռնարկում, սեղանին ինչ փաթեթ է դրված, որն է մեր տեսակետը և այլն»,- շեշտեց ԱԺ փոխխոսնակը։

Փակ քննարկմանը ներկա է եղել Գլխավոր շտաբի պետի տեղակալը։

Տեսանյութեր

Լրահոս