Թուրքիան կարևոր դեր է խաղալու Աֆղանստանից արտագաղթողների հարցում. Ժոզեֆ Բորել
Եվրամիության (ԵՄ) արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելն անդրադարձել է Աֆղանստանի խնդրին։ Մասնավորապես ուշադրություն է հրավիրել միգրացիայի աճի վրա: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Բորելն Աֆղանստանից արտագաղթի հարցում կարևորել է Թուրքիայի դերակատարումը՝ արտահայտվելով հետևյալ կերպ. «Վերջին 3 տարում Աֆղանստանից արտագաղթ կա։ Արտագաղթողներն Իրանով, Իրաքով և Արևելյան Միջերկրականով գալիս են Եվրոպա և դեռ գալու են: Սա ցույց է տալիս, որ տարանցիկ երկրների հետ պիտի սերտորեն աշխատանք տանենք: Հարկավոր է կանխել հումանիտար ճգնաժամը։
Այս առումով Թուրքիան շատ կարևոր դեր է խաղալու: Շատերն են լինելու, որ փորձելու են Թուրքիայի տարածքով անցնեն Եվրոպա, բայց սա ոչ թե այժմեական, այլ ապագայի խնդիր է: Այս պահին կարևոր է սկսել Քաբուլի օդանավակայանի գործունեությունը»:
Բորելը նաև ընդգծել է, որ այն, ինչ կատարվում է հիմա Աֆղանստանում, ոչ այլ ինչ է, քան Արևմուտքի պարտություն: