«Հանրությանն ահաբեկելու միտում եմ տեսնում, թե՝ տեսեք, թշնամին մեր քթի տակ է, եկեք այս մի բանն էլ զիջենք. երևի մեր իշխանավորները Ալիևի զառանցանքների հետ համաձայն են, որ չեն արձագանքում». Սերոբ Գասպարյան

«Սև հովազ» ջոկատի  հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբոր՝ Սերոբ Գասպարյանի խոսքով՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, մասնավորապես՝ ընտրություններից հետո, արդեն ամբողջ ժողովրդի մեղքով է։

«Սահմանին կրակոցներ են, զոհեր, բայց երբ դուրս ես գալիս քաղաք, տեսնում ես համընդհանուր անտարբերություն, մարդիկ նույնիսկ իրենց կյանքի, ապագայի հանդեպ են անտարբեր դարձել։ Ես չգիտեմ՝ մարդիկ այսօր ինչ են մտածում, անհասկանալի բաներ են կատարվում։ Ուզում եմ հասկանալ՝ այս ազգը ե՞րբ այսպես դարձավ, ինչպե՞ս եղավ, որ հայն արդեն անտարբեր է իր կյանքի, երեխայի ու ապագայի հանդեպ։ Մեկ-մեկ մտածում եմ՝ շատ ու շատ, հազարավոր զոհերը հանուն ինչի՞ եղավ, իրականում եղավ Նիկոլի կնոջ ասածը՝ հանուն ոչնչի զոհվեցին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սերոբ Գասպարյանը։

Ըստ նրա, բոլորը սովոր են նստել ու մտածել, թե երկիր են կորցնում, բայց այդ մտածողներն ի՞նչ են առաջարկում, որովհետև դրա փոխարեն պետք է մտածեն, թե ինչ պետք  է արվի, որպեսզի երկիրը չկորցնեն։

«Ինքս մի քանի անգամ կոչ եմ արել ազգի, հավատի, հայրենիքի մասին մտահոգ մարդկանց՝ հավաքվել։ Մենք ամբողջ աշխարհում 10 միլիոն ենք և գոնե 200.000 զորք պետք է ունենանք։ Կոչ եմ արել, ու արձագանքել են շատ քչերը, երկու-երեք հոգի։ Բոլորն այսօր իրենց լիդեր են կարծում, բոլորն ասում են, թե իրենք են լիդեր, ամբողջ հայ ազգը լիդեր է, Նիկոլի ասած՝ 3 միլիոն վարչապետ են։ Որևէ մեկը չի ուզում արձագանքի, անտարբերությունը սպանում է մեր ազգին, բերում հայրենիքի կորստի, իրականում հայրենիքը կորցնում ենք»,- հավելեց Սերոբ Գասպարյանը։

Նրա բնորոշմամբ՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին, կրկնությունն է, ինչ տեղի ունեցավ Արցախում 10 ամիս առաջ, ամեն ինչ արվում է հանրությանը վախի մեջ պահելու համար։

«Այստեղ միտում եմ տեսնում հանրությանն ահաբեկելու հետ կապված, թե՝ տեսեք, թշնամին մեր քթի տակ է, տեսեք՝ թշնամին մեզ կսպանի, եկեք այս մի բանն էլ զիջենք, և այլն։ Երևի մեր իշխանավորները Ալիևի զառանցանքների հետ համաձայն են, որ չեն արձագանքում, նա հոխորտում է, թե Վարդենիսն իրենց Բասարգեչարն է, Սևանն ու Երևանն իրենցն է, այսինքն՝ ամբողջն իրենցն է, ու Հայաստան գոյություն չի ունեցել։ Այդ մարդիկ այսօր՝ թե՛ սուտ ընդդիմությունը, թե՛ մյուսները, ինչ կռիվ են անում, նայում ես խորհրդարանին՝ դերասանություն են անում։ 168.am-ի տաղավարում ամիսներ առաջ եմ ասել, որ բոլորը նույնն են, այսօր արդեն մարդիկ հասկանում են, որ ՀՀ երեք նախագահները և այսօրվա իշխանությունը նույն մտածելակերպն ունեն և ոչինչ չեն անում, իսկ հայրենանվեր ու անձնվեր մարդիկ գնում ու զոհվում են»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է Արցախի հետագա ճակատագրին, Սերոբ Գասպարյանը կրկին հիշեցրեց, որ ամիսներ առաջ 168.am-ի տաղավարում խոսել է այն մասին, որ ամենավտանգավորն այս ամենի մեջ Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունն» է, որից հետո հայությունն այլևս երբևէ չի կարողանա հետ բերել իր տարածքները։

«Եթե այս իշխանությունը ճանաչեց Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը», ամեն ինչ տանում է դրան, որպեսզի ճանաչի, դրանից հետո իմ նման մարդկանց, ովքեր հանուն հայրենիքի մարտնչել են, ասելու են՝ ուրիշի տարածքում պատերազմ եք վարել, հանձնեք այդ մարդկանց Ադրբեջանին, ու հանձնելու են։ Եթե մեր ազգն այսօր-վաղը չաթնանա, ապա մյուս օրն ուշ է լինելու։ Իմ համախմբման կոչն ուժի մեջ է, կոչ եմ անում ամբողջ աշխարհի հայությանը ոտքի կանգնել, համախմբվել մեկ դրոշի տակ, պետք չէ լիդերության կռիվ անել, այլ պետք է հայրենիքը փրկել, որովհետև անհասկանալիորեն Թուրքիայում ու այլ օտար երկրներում վերապատրաստված անձինք իշխանության մեջ են և իշխում են մեր սուրբ երկրին։ 20 օր առաջ Եվրոպայում էի, տարբեր պետություններում եղա, մարդիկ շատ են հիասթափված, նույնիսկ ասում են՝ այսուհետև 5 եվրո Հայաստան չենք ուղարկելու։ Այս իշխանությունը կտրեց նաև սփյուռք-Հայաստան կապը, որովհետև հիասթափեցրեցին բոլորին»,- եզրափակեց Սերոբ Գասպարյանը։

Տեսանյութեր

Լրահոս