Իրինա Յոլյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և հրաժարվել է ցուցմունք տալ. փաստաբան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում այսօր ժամը 11:00-ից մեկնարկել էր Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդության քննությունը: Մինչև դատական նիստի մեկնարկը Իրինա Յոլյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Յոլյանի ձերբակալությունը միանշանակ ոչ իրավաչափ է: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Գորիսի փոխհամայնքապետերի ձերբակալության հիմքում ՔԴՕ նոր կարգավորումն է, որի համաձայն՝ ձերբակալման պատճառներից մեկը հանդիսանում է որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի դատարան մտնելը:

«Մենք նշեցինք ձերբակալման արձանագրության մեջ, որ այդ պատճառն այնքանով գոյություն չունի, այնքանով ոչ իրավաչափ է այն տեսանկյունից, որ քննիչի կողմից այդ նպատակի իրագործումն իրականում հայեցողական իրավունք է: Այսինքն՝ քննիչն ունի հայեցողական իրավունք՝ ձերբակալելու, որպեսզի ներկայացնի մեղադրյալին դատարան՝ կալանավորման հարցի քննարկման համար: Մյուս հայեցողական իրավունքն այդ նպատակի իրագործման շրջանակներում համապատասխան ծանուցմամբ հրավիրելն է և տեղեկացնելն է, որ մեղադրյալի նկատմամբ պետք է քննարկվի կալանավորման հարցը: Մենք ասում ենք՝ տվյալ դեպքում քննիչն ունի երկու հայեցողական իրավունք՝ ձերբակալել անձին, որպեսզի ներկայացնի դատարան՝ այդ քննարկմանը, և հրավիրել անձին, տեղեկացնել, որ դատարանում նման հարց է քննարկվելու:

Մենք քննիչին հարց ենք ուղղում, ասում ենք՝ «ինչո՞վ է պայմանավորված, որ կիրառում է ավելի ոչ բարենպաստ հայեցողական իրավունքը, այլ ոչ թե բարենպաստ»: Զուտ ելնելով մարդու իրավունքներից՝ ավելի շատ պետք է միշտ նախապատվությունը տրվի այնպիսի հայեցողական իրավունքի, որը բարենպաստ է անձի համար, բացառությամբ մի դեպքի՝ եթե վարույթն իրականացնող մարմինն ունի հիմնավորված ռիսկ, որ իր այդ ավելի բարենպաստ հայեցողական իրավունքի իրագործումն իր նպատակին չի ծառայի, այսինքն՝ կլինի ոչ արդարացված և ոչ հիմնավորված: Համենայն դեպս, մեզ չներկայացրեցին որևէ փաստական տվյալ, որևէ հիմնավորված դատողություն այն մասին, որ ավելի բարենպաստ հայեցողական իրավունքի իրագործումը չի լինի արդարացված, այդ իսկ պատճառով ներկայացնում են և իրագործում են ավելի ոչ բարենպաստ հայեցողական իրավունքը: Մենք գտնում ենք, որ քննիչի՝ ձերբակալման արձանագրությունը կազմվել է ոչ իրավաչափ ձևով»,- լրագրողների հետ զրույցում ասաց Էրիկ Ալեքսանյանը:

Անդրադառնալով ՔԿ-ում հարուցված քրեական գործի հատկանիշներին, այն է՝ սոցիալական օգնության տրամադրման կարգի խախտմանը, Ալեքսանյանը նշեց, որ Յոլյանը մեղադրանքը չի ընդունում և հրաժարվել է ցուցմունք տալ:

«Տիկին Յոլյանը միշտ քննադատել է այս իշխանությանը, և մենք ականատես ենք լինում այն իրողություններին, որ ովքեր քննադատում են իշխանությանը, շատ քիչ ժամանակ անց գտնվում են անազատության մեջ կամ նվազագույնը գոնե ձեռք են բերում մեղադրյալի կարգավիճակ»,- նշեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ Իրինա Յոլյանը երեկ էր ձերբակալվել հենց Գորիսի համայնքապետարանից:

Տեսանյութեր

Լրահոս