ԱՄՆ Պետդեպն ու Պենտագոնը համատեղ հայտարարություն են տարածել Աֆղանստանում իրավիճակի վերաբերյալ
ԱՄՆ պետքարտուղարությունը և պաշտպանության դեպարտամենտը համատեղ հայտարարություն են տարածել Աֆղանստանի վերաբերյալ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Ներկայումս ավարտին ենք հասցնում մի շարք քայլեր, որով կապահովվի Համիդ Կարազի միջազգային օդանավակայանի անվտանգությունը՝ քաղաքացիական և ռազմական թռիչքներով կազմակերպելու ԱՄՆ-ի և դաշնակիցների անձնակազմի մեկնումը Աֆղանստանից։
Վերջին 48 ժամվա ընթացքում անվտանգության հարցերով զբաղվող մեր անձնակազմի թիվը հասցվել է մոտ 6000 զինծառայողի, որոնց առաքելությունը բացառապես կենտրոնացած է այս ջանքերին աջակցելուն և օդային փոխադրումները վերահսկելուն։ Վաղը և առաջիկա օրերին մենք երկրից դուրս կբերենք հազարավոր ԱՄՆ քաղաքացիների, որոնք բնակվում էին Աֆղանստանում, ինչպես նաև Քաբուլի ԱՄՆ դեսպանության տեղացի աշխատողներին և նրանց ընտանիքի անդամներին ու այլ հատկապես խոցելի աֆղանստանցիներին։ Մենք կարագացնենք ԱՄՆ հատուկ ներգաղթային վիզա ստանալու իրավասություն ունեցող հազարավոր աֆղանստանցիների տարահանումը․ վերջին երկու շաբաթվա ընթացքում նրանցից ավելի քան 2000-ը ժամանել են ԱՄՆ։
Կշարունակվի բոլոր կատեգորիաների աֆղանստանցիների փոխադրումը ուղիղ դեպի Միացյալ Նահանգներ, եթե նրանք անհրաժեշտ անվտանգության ստուգումներ են անցել։ Մենք կգտնենք հավելյալ վայրեր նրանց համար, որոնց հետ կապված անվտանգության ստուգումները դեռ չեն ավարտվել»։