«Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ»․ պրեմիերա
«Մոսկվա» կինոթատրոնում օգոստոսի 14-ին տեղի է ունեցել «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը պատմում է հայ մեծանուն դերասան Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանի՝ հնդկական ֆիլմերում ունեցած դերակատարումների մասին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
Ֆիլմի պրեմիերային ներկա էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Հնդկաստանի մշակութային համագործակցության խորհրդի նախագահ, Հնդկաստանի խորհրդարանի Վերին պալատի անդամ Վիհայ Սահասրաբուդհեն, Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալը, ժողովրդական արտիստ, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը, դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր և արվեստասերներ։
Ողջույնի խոսքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ ֆիլմի շնորհանդեսը ընդգծում է հայ-հնդկական ամուր մշակութային կապերը:
«Հայ-հնդկական մշակութային կապերն ունեն երկար պատմություն և ամուր հիմքեր: Երկու երկրներում հաճախ կազմակերպվում են միջոցառումներ, որոնք խթանում, վերահաստատում և ամրապնդում են մեր բարեկամական երկրների մշակութային կապերը և ծանոթացնում են հանրությանը մեր երկրների բազմադարյա մշակույթներին: Վստահ եմ՝ այս միջոցառումը ևս կնպաստի մշակույթի ոլորտում հայ-հնդկական արդյունավետ համագործակցության զարգացմանը, համատեղ ծրագրերի և ստեղծագործական նոր հնարավորությունների իրականացմանը»,- նշել է փոխնախարարը և հույս հայտնել, որ հայ-հնդկական համագործակցությունը կլինի շարունակական՝ հասնելով որակական նոր մակարդակի։
Մհեր Մկրտչյանը նկարահանվել է ԽՍՀՄ-ի և Հնդկաստանի համատեղ արտադրության «Ալի Բաբան և 40 ավազակները», «Սիրո լեգենդ» ֆիլմերում՝ մարմնավորելով համապատասխանաբար Մուսթաֆայի և Բարմանդուի կերպարները։ Նա եղել է հնդիկ ժողովրդի բարեկամ և շատ է սիրել Հնդկաստանը:
«Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմը ստեղծվել է «Հայ-հնդկական բարեկամություն» հասարակական կազմակերպության և «Վրաստանի և Հնդկաստանի մշակութային պալատի» հիմնադիրներ Ռանանջայ Անանդի և Դավիթ Բեժիտաշվիլիի համատեղ ջանքերով։
Ֆիլմում ներկայացված են հայ անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի, վրաց անվանի դերասան և ռեժիսոր Վախթանգ Կիկաբիձեի, հնդիկ դերասանուհի և պատգամավոր Հեմա Մալինիի, հնդիկ դերասան Դհարմենդրայի, ռուս դերասան և կինոռեժիսոր Ռոլան Բիկովի և այլոց հուշերը Մհեր Մկրտչյանի մասին։
Ֆիլմը նվիրվում է Հնդկաստանի անկախության 75 և «Հայ-հնդկական բարեկամություն» կազմակերպության 10-ամյակներին։
Ֆիլմի շնորհանդեսն իրականացվել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան աջակցությամբ։