Խմելու ջրից թունավորվել է 9 մարդ. հարուցվել է քրեական գործ
2021թ. օգոստոսի 11-ին, ժամը 23:30-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ աղիքային ինֆեկցիա անհայտ էթիալոգիա ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Արմավիրի մարզի Խանջյան համայնքի թվով 9 բնակիչ և հայտարարել, որ թունավորվել են խմելու ջրից:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ փաստի առթիվ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով վերոհիշյալ անձանց բնակարաններից կատարվել է խմելու ջրի նմուշառումներ, նշանակվել են դատաբժշկական և դատասննդային փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն: Դեպքի բոլոր հանգամանքները բազմակողմանի և լրիվ հետազոտելու, թունավորման աղբյուրը, պատճառները պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: