Մենք տարածքներ նվաճելու որևէ մտադրություն չունենք. ուղիղ շփումների միջոցով պատրաստ ենք երկխոսության. Փաշինյան

Կառավարության նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանը նշեց՝ ուրվագծել է ՀՀ կառավարության պատկերացումը մեր տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի, երկարատև կայունություն և խաղաղություն հաստատելու քայլերի մասին, ինչպես նաև ընդգծել՝ միջազգային գործընկերների հետ այդ ուղղությամբ աշխատելու ՀՀ պատրաստակամությունը:

Գործադիրի ղեկավարը թղթից ընթերցելով այս պրոլոգը՝ հիշեցրեց նաև, որ հուլիսի 29-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նույնպես հանդես եկան հայտարարությամբ, որի առանցքային ուղերձը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով լարվածության նվազմանն ուղղված քայլերի ձեռնարկումն էր, սադրիչ քայլերից և հայտարարություններից զերծ մնալու՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված կոչը, ապա նաև՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության՝ հուլիսի 30-ի հայտարարությունը, որով ողջունել էին համանախագահողների ուղերձը:

«Մեզ համար միանշանակ ընդունելի է նաև սադրիչ գործողություններից և հայտարարություններից զերծ մնալու համանախագահների կոչը: Ակնհայտ է, որ այս պայմանի պահպանումն առանցքային նշանակություն ունի պատեհ բանակցային մթնոլորտ և միջավայր ձևավորելու համար: Ու եթե սադրիչ հայտարարությունների հետագծելիության հարցը մեծ բարդություն չի ներկայացնում, սադրիչ գործողությունների և հրադադարի ռեժիմի խախտումներ նախաձեռնող կողմի հարցը մշտապես բանավեճերի տեղիք է տալիս:

Նախկինում ասել եմ, հիմա էլ կարծում եմ, որ հրադադարի խախտումների նախաձեռնող կողմի նույնականացումը և այդ սադրիչ գործողության հասցեական դատապարտումը էական նշանակություն ունի իրադրության հետագա դեէսկալացիայի և կայունացման համար: Այսուհանդերձ, նման գործառույթը դժվար է պատկերացնել առանց միջազգային մոնիտորինգի մեխանիզմի գործարկման: Հուլիսի 29-ի ելույթում այս հարցին նույնպես անդրադարձել եմ՝ ասելով, որ կարծում եմ՝ դա պիտի լինի Հավաքական անվտանգության պայմանագրի դիտորդական առաքելություն, իսկ եթե ՀԱՊԿ-ի համար դա ընդունելի չէ, այլընտրանքը մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիտորդական առաքելությունը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունները վերսկսելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կոչին՝  նա  ընդգծեց, որ Հայաստանը պատրաստ է բանակցային գործընթացում ներգրավվել թե՛ բարձր, թե՛ բարձրագույն մակարդակում, և  սպասում են կոնկրետ առաջարկների. «Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մեր ժողովրդից ստացած մանդատը կառավարության վրա դնում է հատուկ պատասխանատվություն: Այս խնդիրը լուծելու համար մենք պետք է լինենք առավելագույնս ակտիվ և ճկուն: Մեր տրամադրությունը և տրամադրվածությունը պիտի լինի հետևյալը՝ առավելագույնն անել օրակարգում առկա խնդիրներով լուծումների գնալու համար: Իհարկե, կան հարցեր, որոնք հնարավոր է լուծել ավելի արագ: Հարցեր կան, որոնց լուծումն ավելի երկար ժամանակ է պահանջում, բայց մեր տրամադրվածությունը, կրկնում եմ, պիտի լինի հետևյալը՝ գնալ լուծումների: Նման հարցերից մեկը, որը, կարծում եմ, հնարավոր է բավական արագ լուծել՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն է, տարածաշրջանային ապաշրջափակման օրակարգը: Եվ կարծում եմ՝ պետք է օր առաջ վերսկսենք աշխատանքները փոխվարչապետների եռակողմ ձևաչափում և լինենք առավել ակտիվ, նախաձեռնող՝ տարածաշրջանում նոր կոմունիկացիոն և տնտեսական հնարավորությունների իրագործման տեսանկյունից:

Հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ մեր դիրքորոշումն անփոփոխ է, և մենք կարծում ենք, որ այս ուղղությամբ նույնպես աշխատանքները պետք է ակտիվանան»

Կառավարության ղեկավարը համոզված է, որ թշնամանքի մթնոլորտի հետագա խորացումը տարածաշրջանում անթույլատրելի է և  սպառնալիք է ոչ միայն ողջ տարածաշրջանի, այլև միջազգային անվտանգության համար: Որպես ասվածի ապացույց՝ նա հիշեցրեց Բաքվում բացված  «ավարի պուրակի» օրինակով՝ այն համարելով անարգանք մեր տարածաշրջանի և տարածաշրջանային քաղաքակրթության հասցեին:

«Հայաստանի Հանրապետությունը համոզված է, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության, կայունության, անվտանգության ու տնտեսական զարգացման համար առանցքային են հարևան երկրների հետ բնականոն հարաբերությունների հաստատումը և կամ՝  զարգացումը: Սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու: Այս համատեքստում հարկ եմ համարում նշել, որ, ցավոք, որոշ ուժեր փորձում են սխալ լույսի ներքո ներկայացնել Հայաստանի մտադրությունները՝ ասելով, թե Հայաստանի Հանրապետությունը զինված ուժերի բարեփոխումներն առաջնահերթություն է հռչակել սահմանակից երկրների նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն վարելու համատեքստում:

Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, զինված ուժերը զարգացնելու և վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ հնարավոր ագրեսիայից պաշտպանվելու համար, և մենք տարածքներ նվաճելու որևէ մտադրություն չունենք: Մեր մտադրությունը մեր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է: Մենք ագրեսիվ որևէ մտադրություն չունենք, և տարածաշրջանի խաղաղությունը, կայունությունը մեր երկարատև ռազմավարությունն է: Մենք պատրաստ ենք ակտիվ երկխոսություն սկսել այս օրակարգի շուրջ՝ միջազգային մեր գործընկերների աջակցությամբ, ըստ անհրաժեշտության՝ նաև ուղիղ շփումների միջոցով: Այս հարցերը մենք առավել մանրամասն կքննարկենք կառավարության գործունեության 5-ամյա ծրագրի ընդունման ժամանակ»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս