Ստացվում է՝ անկլավների մասին Ձեր հարցազրույցը խեղաթյուրվա՞ծ է. Տիգրան Աբրահամյանը՝ Վահե Ղալումյանին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը խորհրդարանում դիմելով Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վահե Ղալումյանին, հարց ուղղեց՝ նշելով, որ Տավուշում «ադրբեջանական հողերի» վերաբերյալ հարցազրույցի մասին թեկնածուի տված պատասխաններից տպավորություն է ստացել, որ այն, ինչ ասել է հարցազրույցում, խեղաթյուրե՞լ են։
«Եթե ճիշտ եմ հասկացել, պարզաբանեք, ասեք՝ այո, կամ ոչ, որովհետև դրանից շատ բան է կախված, այս պահին Ադրբեջանը ակնհայտորեն տորպեդահարում է խաղաղության գոնե տեսականորեն երևացող գործընթացը, նոր հավակնություններ է ներկայացնում Հայաստանի տարածքների նկատմամբ։ Այսօր դուք հնարավորություն ունեք այս ամբիոնից հստակեցնելու, թե ինչ եք նկատի ունեցել»,- շարունակեց հարցը Տիգրան Աբրահամյանը։
Պատասխանելով՝ Վահե Ղալումյանն վստահեցրեց, որ ինքը տարածքները հանձնելու մասին որևէ բան չի ասել։
«Նորից եմ շեշտում, որ կան երկկողմանի տարածքներ, որոնք Խորհրդային Միության քարտեզներով գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, որոնք մերն են, և լինելով Ադրբեջանինը՝ գտնվում են մեր վերահսկողության տակ»,- նշեց պատգամավորը։
Տիգրան Աբրահամյանը նաև Վահե Ղալումյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք տեղյակ է՝ ինչու է ռուսական կողմը Տավուշի մարզում տեղակայում ուղեկալներ։
Ի պատասխան՝ Վահե Ղալումյանն ասաց, որ թեմայի առնչությամբ Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությանը որևէ բան չունի ավելացնելու։