Վարձակալը դանակահարել էր տանտերերին ու հարևանին
Օգոստոսի 8-ի լուսադեմին ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ ստացվեց. «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից հայտնում էին, որ մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 72-ամյա կին և 64-ամյա տղամարդ, որոնք Էջմիածնի Թամանյան փողոցի բնակիչ են։
Նախ բուժհաստատություն մեկնեցին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ու Վաղարշապատի բաժնի օպերատիվ խմբերը, որոնց միացան քննիչներ, փորձագետ ու դատաբժիշկ։
Վաղարշապատի քրեական հետախույզները նախ պարզեցին, որ կինն ու տղամարդը, որոնք հարևաններ են, բժշկական կենտրոն են տեղափոխվել Էջմիածնի Թամանյան փողոցի 20/Ա հասցեից։ Օպերատիվ-քննչական խմբերը շտապեցին նշված հասցե, որտեղ հայտնաբերեցին 74-ամյա տանտիրոջ դին՝ կտրած-ծակած վնասվածքներով։
Իրավապահները տեղում պարզեցին, որ տան վարձակալը, տանտերն ու նրա կինը վիճել էին։ Այդ ընթացքում վարձակալը խոհանոցային դանակով հարվածներ էր հասցրել տանտիրոջը, նրա կնոջն ու վեճին միջամտած հարևանին։ Տանտերը մահացել էր, կինն ու հարևանը տեղափոխվել էին հիվանդանոց։
Կասկածվողը, որը 35-ամյա տղամարդ է, հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին, ապա ներկայացվեց քննչական մարմնին ու ձերբակալվեց։ Հանցագործության գործիք խոհանոցային դանակը հայտնաբերվել է: Դեպքի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել։
Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։