«Պարզապես ցավով եմ ասում, որ ձեր դիջեյական կարողությունները ԵԽԽՎ-ում պետք չեն գալու և արտաքին աշխարհի հետ ձեր միակ կապն այն է, որ եղել եք Մոնակոյում». Արեգնազ Մանուկյանը՝ Էդուարդ Աղաջանյանին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը  հղում կատարելով «Իմ քայլը» խմբակցության առաջադրած Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Էդուարդ Աղաջանյանի կենսագրությանը՝  նախ շեշտեց, որ արտաքին հարաբերությունների ոլորտում նա փորձ չունի, ապա շարունակեց.

«Արտաքին աշխարհի հետ, թերևս, ձեր միակ կապն այն է, որ եղել եք Մոնակոյում և տիրապետում եք չորս օտար լեզուների։ Փաստորեն դուք հավակնում եք նման բարձր պաշտոնի և առնվազն պետք է կարողանաք տարբերել ԵԽԽՎ-ն, օրինակ, Եվրատեսիլից։ Ասում եք նաև, որ դուք լավ դիջեյ եք, սա ամենևին սարկազմով չեմ ասում, պարզապես ցավով եմ ասում, որ ձեր դիջեյական կարողությունները ԵԽԽՎ-ում պետք չեն գալու։ Պարոն Աղաջանյան, դուք առհասարակ Արցախի հարցին տիրապետո՞ւմ եք, թե՞ ոչ։ Նաև՝ արդյո՞ք համամիտ եք ձեր քաղաքական առաջնորդի հետ, որ «Արցախը Հայաստան է, և վերջ»»,- հետաքրքրվեց Արեգնազ Մանուկյանը։

Էդուարդ Աղաջանյանի արձագանքը  Արեգնազ Մանուկյանի հարցին կարճ էր. «Դուք  ուղղակի  տապալեցիք», իսկ պատասխան  չհնչեց։

Արեգնազ Մանուկյանն էլ նկատեց, որ Աղաջանյանը խուսափում է  հարցերին պատասխանել, և մնում է  արձանագրել, որ հարցերին պատասխաններ չունի։ Այնուհետև պատգամավորը շարունակեց.

«Պատերազմից հետո ձեր քաղաքական թիմից ընդամենը մեկ հոգի է գնացել Արցախ, արտգործնախարարի մակարդակով, որից հետո Ալիևը բողոքեց, որ այլևս չհամարձակվեք այցելել Արցախ։ Փաստորեն, չհամարձակվեցիք այցելել Արցախ, ինչո՞ւ չեք այցելում Արցախ։ Ես առաջարկում եմ՝ դարակներից հանեք ձեր դուխով գլխարկները, մեկնեք Արցախ»։

Այդ հարցին ևս Էդուարդ Աղաջանյանը չպատասխանեց։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031