Դիմացը քաղաքապետի ընտրություններն են, վախ են բռնել, որ կարող է Ղուկասյանն առաջադրի իր թեկնածությունը. Վարդան Ղուկասյանը՝ մեղադրանքի մասին
Գլխավոր Դատախազությունն այսօր տեղեկացրեց, որ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել:
168.am-ի հետ զրույցում, սակայն, Վարդան Ղուկասյանն իր շուրջ մեկնարկած գործընթացը որակեց հիմարություն. «Լեննականցիները սրան, ինչ որ տեղի է ունենում, ասում են՝ եփած հավի խնդալը կուգա:
Եթե ես պիտի իմ աշխատողների (1500 հաստիք եմ ունեցել) տեղը պատասխանատվություն կրեմ իրենց կատարած գործերի համար, ուրեմն իմ տեղս էլ պիտի պատասխանատվություն կրեն մարզպետը, տարածքային նախարարը, վարչապետը, նախկին պրեզիդենտը, որովհետև թե ես ունեմ 1000 աշխատատեղ, իրենք ունեն 20 հազար կամ 30 հազար աշխատատեղ: Ուղղակի հիմարություն:
Հավանական է՝ դիմացը քաղաքապետի ընտրություններն են, վախ են բռնել, որ կարող է Ղուկասյանն առաջադրի իր թեկնածությունը կամ մեկին պաշտպանի»:
Հիշեցնենք՝ դատախազության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է. «Շիրակի մարզի դատախազության ակտիվ և նախաձեռնողական դատավարական հսկողության ներքո ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռք են բերվել բավարար ապացույցներ առ այն, որ, հանդիսանալով Գյումրու համայնքի ղեկավար՝ Վ.Ղ.-ն, պաշտոնավարման ժամանակահատվածում, Գյումրու համայնքապետարանի մի քանի պաշտոնատար անձանց օժանդակությամբ կեղծելով պաշտոնեական փաստաթղթեր հանդիսացող համայնքապետարանի տեղեկանքներ, աճուրդային հանձնաժողովի արձանագրություններ, սակարկությունների մասին օրենսդրության պահանջների խախտմամբ երբեմն անձամբ մասնակցելով հողամասերի օտարման աճուրդներին և ճանաչվելով հաղթող, 2001-2011 թվականների ընթացքում ուղղակի վաճառքով կամ աճուրդով օտարել է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցելն արգելված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող բազմաթիվ հողատարածքներ»: