Խեղդել բնի մեջ «Զանգեզուրի միջանցքի» գաղտնի գործարքները. Իրանը դա է ցանկանում. Վարդան Ոսկանյան

Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո երկու պետություններից էլ պաշտոնական հաղորդագրություններ տարածվեցին, որոնցում շեշտադրված էին հայ-իրանական հարաբերություններում այն բոլոր կարևորագույն հանգույցները, որոնց վերաբերյալ ահազանգում են իրանագետները՝ գոնե վերջին երեք տարիների ընթացքում։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց իրանագետ, «Հայրենիք» կուսակցության անդամ Վարդան Ոսկանյանը՝ առանձնացնելով Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք կետեր՝ Փաշինյան-Ռայիսի հանդիպումից։

«Իրանական կողմը շահագրգռված է Մեղրիի ազատ տնտեսական գոտու շահագործմամբ։ Գիտենք՝ այդ գոտին շահագործվել է, բայց այս իշխանության ժամանակ չի աշխատել բնականոն հունով։ Այս իշխանության ժամանակ եղան հրապարակումներ կոռուպցիոն գործարքների մասին, բայց դրանք այդպես էլ չբացահայտվեցին։ Հիմա Իրանը շեշտել է Մեղրիի ազատ տնտեսական գոտու կարևորությունը և հատկապես ընդգծել Հայաստանի կարևորությունը՝ որպես Եվրասիական տնտեսական միության այն կարևորագույն օղակ, որի հետ Իրանը պատրաստվում է աշխատել։

Մյուս կարևոր խնդիրը Պարսից ծոցը Սև ծովին կապող տրանսպորտային հանգույցին հայկական կողմի մասնակցության հարցն է։ Իրանական կողմը կրկին փաստել է իր շահագրգռվածությունն այդ ծրագրերին իր մասնակցության հարցում։ Իմ նշած այս երկու ծրագրերն ունեն ոչ միայն տնտեսական, այլ նաև արդեն անվտանգային լրջագույն բաղադրիչ, հետևաբար՝ Իրանը փորձում է Հայաստանի հետ ցամաքային կապն ամուր պահել ու զարգացնել Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները, ինչպես նաև անվտանգային հարցերը լուծել»,- ասաց Ոսկանյանը՝ նշելով, որ Հայաստանում, ի պատասխան իրանական կողմի այս ազդակներին, պետք է լինեն այնպիսի որոշում կայացնողներ, որոնք գոնե ունակ են ընկալելու ու ճանաչելու Իրանը ներսից։

«Ակնհայտ է, որ իրանցիները, ոչ պակաս քան հայաստանցիները շահագրգռված են նաև, որ Սյունիքում որևէ միջանցք գոյություն չունենա և ուզում են «Զանգեզուրի միջանցքի» մասին, գուցե գաղտնի գործընթացները, խեղդել իրենց բնում՝ խանձարուրի մեջ, որովհետև «Զանգեզուրի միջանցք» պրոյեկտի իրականացման դեպքում Իրան-Հայաստան ցամաքային կապը կկտրվի։ Իրանցիների համար Հայաստանի հետ այդ ցամաքային կապն այնքան կարևոր է, որ նրանք բացահայտ ասում են, որ ՀՀ-ի տարածքային ամբողջականությունն իրենց համար կարմիր գիծ է։ Իսկ եթե մենք խնդիրներին նայում ենք Թեհրանից, ապա տեսնում ենք, որ այս տարածաշրջանում արդեն իսկ գոյացել է ադրբեջանաթուրքական միասնական քաղաքական, ռազմական, տնտեսական տարածք և դրանով Իրանի համար ալընտրանքները դեպի հյուսիս կրճատվել են, ուստի այժմ Սյունիքն ու Հայաստանը Իրանի համար դարձել են առաջանահերթություն»,- ասաց իրանագետը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս