«Ակնկալում ենք, որ Հայաստանի նախագահության ընթացքում կոնկրետ քայլեր կարվեն»․ Զաս
Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը գոհ է Երևանում հայ գործընկերների հետ ունեցած աշխատանքային հանդիպումներից: Ստանիսլավ Զասը լրագրողների հետ զրույցում ասել է, որ իր երկօրյա այցի առաջին օրը՝ օգոստոսի 9-ին տեղի ունեցած աշխատանքային հանդիպումները անցել են շատ արդյունավետ և ամենակարևորը՝ վսահության ու անկեղծության մթնոլորտում:
«Իհարկե, քննարկել ենք այն իրավիճակը, որը ստեղծվել է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում և առաջին հերթին այստեղ՝ հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում: Քննարկել ենք այս տարվա միջոցառումների ընթացքը և խոսել առաջիկայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի նախապատրաստման մասին», – ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ հավելելով, որ այսօր՝ օգոստոսի 10-ին, տեղի կունենա իր հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Ստանիսլավ Զասը ակնկալում է, որ կողմերը կփոխանակվեն ստեղծված իրավիճակի վերաբերյալ գնահատականներով և կքննարկեն ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության հետ կապված հարցերը:
Գլխավոր քարտուղարն ասել է, որ հիմնարար սպասելիքներ ունի ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունից:
«Հայաստանը ոչ միայն խոսքով, այլև գործով է միշտ ցուցադրել իր շահագրգռությունը զարգացնելու ՀԱՊԿ-ը և բարձրացնելու կառույցի արդյունավետությունը: Դա նկատվում է մեր համատեղ աշխատանքի ողջ ընթացքում: Եվ դրանից ելնելով՝ մենք ակնկալում ենք, որ Հայաստանի նախագահության ընթացքում կոնկրետ քայլեր կարվեն մեր ռոտացիայի արդյունավետության, այդ թվում ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու տարբեր ուղղություններով, ցավոք սրտի, ի հայտ եկող մարտահրավերներին արձագանքելու օպերատիվության բարձրացման ուղղությամբ: Սպասվող քայլերի և միջոցառումների մասին խոսելն առայժմ վաղ է, քանի որ դեռ տեղի է ունենում Հայաստանի նախագահության մեկ տարվա առաջնահերթությունների ձևավորումը: Ըստ էության, դրանք նպատակային կարգավորումներ են, որոնք կուսումնասիրվեն սեպտեմբերին կայանալիք գագաթնաժողովի ընթացքում, և հետո կառաջարկվի այդ նպատակներին հասնելու մի շարք քայլերի փաթեթ», – նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: