Վանաձորում անձրևաջրերը ողողել են բազմաթիվ շենքերի, առաձնատների նկուղներ, ճանապարհները լցվել են քարերով և ժայռաբեկորներով
Օգոստոսի 9-ին, ժամը 20:04-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Ղալթաղչի» կոչվող կայարանի հարակից տները տեղացած հորդառատ անձրևից ջրալցվում են։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ հատուկ տեխնիկայի օգնությամբ 4 տներից հեռացրել են սելավաջրերը։
***
Օգոստոսի 9-ին, ժամը 17։33-ից մինչև 18։50-ը Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Վանաձոր քաղաքում տեղացած անձրևների, կարկուտի և քամու հետևանքով առաջացած սելավաջրերը լցվել են Նարեկացի պողոտայի և Չարենց փողոցի վրա գտնվող բազմաթիվ շենքերի և առանձնատների նկուղները, շքամուտքերը և բակերը։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Փրկարարները քաղաքապետարանի կոմունալ բաժնի և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ հատուկ տեխնիկայի օգնությամբ սելավաջրերը հեռացրել են 7 բազմաբնակարան շենքերի և 13 առանձնատների նկուղներից և շքամուտքերից։