«ՀՀ-ն հրաժարվում է կատարել իր գլխավոր ֆունկցիաներից մեկը՝ ՀՀ սահմանների պաշտպանությունը»․ Տիգրան Աբրահամյան
«Այս իշխանությունն ինչ-որ բան պահում է, թաքցնում է, հակառակ դեպքում՝ նախ հանդես կգար քաղաքական հայտարարությամբ, կներկայացներ տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը և դրանից բխող քայլերը»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Տավուշում ռուս զինվորականների տեղակայմանը: Իսկ դրա մասին իշխանությունները սկսեցին խոսել միայն այն ժամանակ, երբ տեղեկատվությունը, լուսանկարները, տեսանյութերը հայտնվեցին լրատվամիջոցներում։
Պատգամավորի խոսքով՝ իշխանությունները նաև պետք է ներկայացնեին այն իրավական հիմքերը, ինչն իրենց թույլ է տվել դիմելու Ռուսաստանի Դաշնությանը՝ ապահովելու սահմանի նաև այդ հատվածի պաշտպանությունը, բայց քանի որ իր նկարագրած իրադարձությունները տեղի չեն ունեցել, ապա այդ տեսանկյունից հանրության, տարբեր քաղաքական կամ հասարակական խմբերի մտահոգությունը տեղին է։
Հարցին՝ Տավուշում ռուս զինվորականների տեղակայումն արդյո՞ք կարող է կապ ունենալ անկլավների փոխանակման հետ, ինչի մասին ժամանակին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից, Տիգրան Աբրահամյանը պատասխանեց․
«Ցավալիորեն մենք խոսում ենք իրադարձությունների կամ դրա հնարավոր ռիսկերի մասին տեղեկատվության գրեթե տոտալ բացակայության պայմաններում։ Իհարկե, ամենատարբեր կենտրոններից և մայրաքաղաքներից հնչող հայտարարությունների ֆոնին, այսպես կոչված, անկլավների հանձնման հարցը չի՛ կարող մտահոգիչ չլինել, երկրորդը՝ հետպատերազմյան ընթացքում մենք տեսել ենք, թե ինչպես է իշխանությունը թաքցնում ամենատարբեր գործընթացներ, մենք նույն իրավիճակն ունեցել ենք նոյեմբերի 9-ից Կովսականի հետ կապված, նույն իրավիճակն ունեցել ենք Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին թաղեր գյուղերի հետ կապված, երբ չի եղել պաշտոնական պարզաբանում, չի եղել գործընթացի հանրայնացում, միայն եղել է երկրի ղեկավարի կողմից հայտարարություն, որ, այո, տեղի է ունեցել բանավոր փոխըմբռնում, որի արդյունքում տարածքներ են հանձնվել․․․ Այս նախադեպերը հաշվի առնելով՝ ունե՞նք վատ կանխատեսումներ, որ կարող են կրկնվել, միանշանակ այո․․․»։
Մեր հարցին ի պատասխան՝ Տիգրան Աբրահմայնը նաև անդրադարձավ Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ի տարածած այն հայտարարությանը, ըստ որի՝ Ռուսաստանը մերժել է Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռուս սահմանապահների տեղակայման առաջարկը, քանի դեռ սահմանագծման և սահմանազատման աշխատանքները չեն արվել։
«Ցանկացած գործընթաց ունի իր գինը, երբ դու խնդրում ես որևէ երկրի՝ ընդլայնելու, հարթության մեջ դնելու համագործակցությունը, դա ենթադրում է փոխադարձ պարտավորվածություններ։ Ինձ համար դեռևս պարզ չէ, թե ո՞րն է փոխադարձ պայմանավորվածության առարկան, և ի՞նչ է Հայաստանը վճարելու դրա համար, երրորդ, երբ դու խոսում ես սահմանի բոլոր ուղղությունները ՌԴ-ին հանձնելու այդ գործընթացի մասին, դա ինքնին մի շարք այլ վտանգավոր ռիսկերի և վտանգների մասին ըստ էության հաղորդում է հանրությանը։ Այսինքն՝ քո պետությունն ի վիճակի չէ իրականացնելու սահմանի պաշտպանությունը բավականին մեծ հատվածում և դրա պաշտպանությունը հանձնում է այլ երկրի, անկախ այն հանգամանքից, որ դա մեր ռազմավարական դաշնակիցն է․․․ Խնդիրն այն է, որ Հայաստանի Հանրապետությունն ըստ էության հրաժարվում է կատարել իր գլխավոր ֆունկցիաներից մեկը՝ ՀՀ սահմանների պաշտպանությունը, տարածքային ամբողջականության և անձեռնմխելիության ապահովումը․․․»։
Տիգրան Աբրահամյանն անդրադարձավ նաև Պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանի հրամանին, այն է՝ անմիջապես կրակ բացել և ցանկացած միջոցով ոչնչացնել ադրբեջանցի այն զինվորականներին, որոնք կփորձեն հատել Հայաստանի սահմանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում