Բաժիններ՝

12 սուրբ մարգարեների օրինակն ուսանելի է քրիստոնյաներիս համար

Ինչպես գիտենք, մարգարեներն այն անձերն են, որոնց միջոցով Աստված խոսում էր Իր ժողովրդի հետ և հայտնում Իր կամքը: Տասներկու սուրբ մարգարեներին, ում Եկեղեցին հիշատակում է այսօր, անվանում են նաև փոքր մարգարեներ՝ ի տարբերություն Եսայի, Երեմիա, Եզեկիել և Դանիել մեծ մարգարեների, սակայն նրանց գործն ամենևին էլ փոքր չէ։

Երկրի վրա Աստծո խոսնակները՝ մարգարեները, ետ էին պահում մարդկանց սխալվելուց և մեղքի մեջ ընկնելուց՝ հստակ գիտենալով, որ իրենց միջոցով խոսում է Տերը։ Տասներկու սուրբ մարգարեներն ապրել ու գործել են տարբեր ժամանակներում, սական մեկն է նրանց առաքելությունը՝ լինել միջնորդը Աստված-մարդ հարաբերության։

Տասներկու մարգարեներն են՝ Ովսե, Ամովս, Միքիա, Հովել, Աբդիու, Նավում, Ամբակում, Հովնան, Սոփոնիա, Անգե, Զաքարիա և Մաղաքիա։

Ովսե մարգարեն Աստծո խոսքի տարածողն է եղել Ամովսից հետո` Ք.ա․ 750 թվականին։ Ովսեի շուրթերով Աստված խոսում է Իր սիրո մասին: Այն սիրո, պահանջում է մեզնից վանել ամեն մի անօրենություն և զգուշանալ կուռքերի խաբկանքից:

Ամովսն ամենահին մարգարեն է, ում գործերն ու խոսքերն առանձին սուրբգրային ժողովածու կազմեցին: Ամովսն իր մարգարեության մեջ խոսում է Աստծո մեծության, իշխանության և արդարության, օրենքի, պաշտամունքի մասին։ Կարևորելով աղքատների ու կարիքավորների իրավունքները՝ խիստ ձայնով դիմում է հարուստներին, դատավորներին ու քահանաներին:

Միքիան ապրել է Ք.ա․ 8-րդ դարում: Նա բոլորին նախազգուշացրել է Երուսաղեմի կործանման մասին` կոչ անելով ժողովրդին ապաշխարության ու Աստծո կամքին հնազանդության:

Հովելի ապրած ժամանակաշրջանը և հետևաբար նաև մարգարեության շարադրման ժամանակն անհայտ է: Նա խոսել է «Տիրոջ օրվա» մասին` հորդորելով ժողովրդին դառնալ դեպի Աստված: Մարգարեացել է, որ մի օր Աստված իր Հոգին է հեղելու մարդկանց վրա: Այս մարգարեությունը կատարվեց Հոգեգալստին, երբ Սուրբ Հոգին հրեղեն լեզուների տեսքով իջավ մարդկանց վրա:

Աբդիուի գիրքն ամենակարճ մարգարեական գիրքն է։ Մարգարեն հայտնել է, որ Իսրայելին թշնամի մյուս ժողովուրդների հետ կործանվելու է նաև Եդոմի ժողովուրդը:

Հովնանի գրքում պատմվում է մի մարգարեի ձախորդությունների մասին, ով ամեն կերպ փորձում էր չհնազանդվել Աստծո կամքին: Երեք օր ձկան փորում մնալուց հետո, սակայն, երբ ապաշխարում է, Աստված հրամայում է կետին դուրս հանել Հովնանին: Քրիստոս բազմիցս վկայաբերում է այս պատմությունը:

Նավում բառը թարգմանաբար նշանակում է մխիթարիչ կամ զորացնող:

Ամբակում մարգարեի մասին մեզ ստույգ տեղեկություններ չեն հասել: Ամբակումը տառապել է ուրիշների դժբախտությամբ, դատապարտել չարիքը:

Սոփոնիա մարգարեն պատասխանել է հարցերին, թե արդյո՞ք Աստված հետաքրքրվում է մարդկանցով, Նա՞ է, որ տնօրինում է պատմությունը:

Անգեի գրքում այն միտքն է գերակայում, որ ժողովրդի աղքատության և բերքի սակավության պատճառը Տաճարի ավերված և լքված լինելն է:

Զաքարիայի գիրքը բաղկացած է երկու մասից։ Առաջին մասում զետեղված են 520-518 թվականներին վերաբերող մարգարեություներ, իսկ երկրորդ մասը գրված է ավելի ուշ:

Մաղաքիա մարգարեն, տեսնելով տիրող իրավիճակը, հորդորում է ժողովրդին և քահանաներին փոխել իրենց վարքը: Մարգարեն հիշեցնում է Աստծո սիրո, Նրա գալստյան և դատաստանի մոտալուտ լինելու մասին:

Տասներկու սուրբ մարգարեների օրինակն ուսանելի է քրիստոնյաներիս համար։ Անգամ բազում փորձությունների ենթարկվելով՝ նրանք ետ չկանգնեցին իրենց հավատից, Աստծուց՝ դառնալով Աստծո խոսնակները երկրի վրա։ Գործելով հրաշքներ՝ հաստատեցին՝ իրենց միջոցով խոսում է Տերը։ Անգամ դժվարին իրավիճակներում նրանք փառաբանում էին Աստծուն և հույսը Նրա վրա դնում։ Մենք էլ մարգարեների այս օրինակին պետք է հետևենք ամեն օր՝ մեր առօրյա կյանքում՝ գործելով այնպիսի արարքներ, որոնցում արտացոլված է Աստծո կամքը։

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս