
«Ամեն ինչ նույնն է Սև լճի հատվածում․ ադրբեջանցիները քարե շինություն են կառուցել այնտեղ, թե ի՞նչ նպատակով, չեմ կարող ասել». Իրինա Յոլյան

Թշնամին հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում պարբերաբար սադրանքների է դիմում և լարում իրավիճակը: ՊՆ-ից այսօր հայտնեցին, որ 06։30-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ և փորձել ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել։
168.am-ը Գորիսի համայնքապետի տեղակալ Իրինա Յոլյանից հարցրեց, թե ի՞նչ իրավիճակ է տիրում Սյունիքում, արդյոք թշնամին հայ-ադրբեջանական սահմանի այս հատվածում չի՞ դիմում սադրանքների:
«Սյունիքի մասով չեմ կարող ասել, քանի որ այսօրվա համար առհասարակ մարզի սահմանների վերաբերյալ տեղեկատվություն չունեմ, բայց Գորիս համայնքի մասով կարող եմ ասել, որ ամեն ինչ հանգիստ է»:
Մայիսի 12-ից Սև լճի տարածքում են գտնվում ավելի քան 1000 ադրբեջանցի զինվորականներ: Իրինա Յոլյանը վստահեցրեց, որ վերջին օրերին միջադեպեր չեն եղել:
«Ամեն ինչ նույնն է Սև լճի հատվածում: Դեռևս նախորդ շաբաթ եմ ասել, որ ադրբեջանցիները քարե շինություն են կառուցել այնտեղ, թե ի՞նչ նպատակով, չեմ կարող ասել, որովհետև լճից այն կողմ է երևում»,- ասաց Գորիսի համայնքապետի տեղակալը: